211652_close_icon
views-count628 դիտում article-date 19:21 10-11-2026

Աջափնյակում «Թութանհամոնին» փոխարինած համատիրության նորանշանակ նախագահը առաջին իսկ օրից ապացուցեց, որ իր համար առաջնային խնդիրը բնակիչների թիկունքին կանգնելն է ու աշխատանքով ցույց տվեց, որ ինքը գործի մարդ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երբ հայտարարել էր, որ համատիրությունները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար, կարծես թե գույները խտացված չէին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանում որոշ համատիրություններ կան, որտեղ պատասխանատուներն ավելի շատ զբաղված են բնակիչներին «կթելով», «փող քամելով», քան բնակիչների խնդիրները լուծելով։ Ու հենց այդ «վայ» համատիրությունների պատճառով է, որ բնակիչների մոտ տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները ոչինչ չեն անում բնակիչների շենքային պայմանները բարելավելու համար․ այն է՝ տարածքի մաքրում, տանիքների հիմնանորոգում, հին ջրախողովակների փոխարինում, բակերի ու խաղահրապարակների բարեկարգում, մինչդեռ այդ ամենը հիմնականում դրված է համատիրության ուսերին, քանի որ բնակիչները վճարումները կատարում են համատիրությանը։

Վերջերս Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թաղամասերից մեկում նոր համատիրության ղեկավար է նշանակվել, ով օրերի ընթացքում հասցրեց ապացուցել, որ ինքը ոչ թե դատարկ խոստումներ տվող է, այլ գործի մարդ։

Բաշինջաղյան 178 շենքը երկար տարիներ ունեցել է «Արմինե» անունով համատիրություն։ Կարելի է ասել՝ անհիշելի ժամանակներից համատիրության ղեկավարն է եղել Բաղիշյան Ռոզան: Սակայն, ցավոք, շենքի բնակիչները տարիներ շարունակ այդ համատիրության գործունեության որևէ շոշափելի արդյունք չեն տեսել։ Բազմաթիվ անգամներ դիմել են, բարձրաձայնել շենքի խնդիրները, օգնություն խնդրել, սակայն հիմնականում ստացել են մերժումներ կամ մնացել անպատասխան։

Ժամանակի ընթացքում շենքի վիճակը գնալով վատթարացել է։ Խնդիրներն այնքան շատ են կուտակվել, որ բնակիչների համար արդեն սովորական էին դարձել չլուծված հարցերն ու անտեսված դիմումները։

Սակայն վերջերս, Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի որոշմամբ, համատիրության ղեկավարությունը վերջապես փոխվեց, և կարծես 178 շենքում նոր էջ բացվեց։

Դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ համատիրության նոր ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը առաջին անգամ այցելեց շենք, տեղում ծանոթացավ բնակիչների խնդիրներին, տեսավ անմխիթար վիճակը և անմիջապես անցավ գործի։

Սկսվեց շենքի ջրագծի ամբողջական փոխարինման աշխատանքը։ Խոսքը պարզապես փոքր վերանորոգման մասին չէ։ Շենքի նկուղները տարիներ շարունակ լցված են եղել ջրով, խոնավությունն ու ջրի կուտակումները լուրջ վնաս են հասցրել շինությանը։ Շենքի նստվածք, հսկայական ճաքեր, պատերի այնպիսի վնասվածքներ, որոնց մեջ նույնիսկ մատ կարելի է մտցնել։ Այս ամենը վաղուց արդեն լուրջ մտահոգության առիթ էր դարձել բնակիչների համար։

Եվ ահա ընդամենը երկու օրվա ընթացքում աշխատանքները մոտենում են ավարտին։

Բայց այստեղ առանձնահատուկ հիշատակման է արժանի նաև նոր ղեկավարի անձնական վերաբերմունքը գործին։ Նա պարզապես հանձնարարականներ չի տվել և հեռացել։ Ամբողջ օրը կանգնած է եղել շինարարների կողքին՝ հետևելով յուրաքանչյուր աշխատանքին, վերահսկելով ընթացքը։ Անձրեւին, ցրտին, անբարենպաստ եղանակին՝ տեղում, մինչև աշխատանքների ավարտը։

178 շենքի բնակիչներն ուղղակի ապշած են։ Ոչ թե այն պատճառով, որ անհնարին բան է կատարվել, այլ որովհետև տարիներ շարունակ չտեսած վերաբերմունքն ու աշխատանքը տեսան ընդամենը մի քանի օրվա ընթացքում։

Այսօր բնակիչները մեկ միասնական կարծիք ունեն։ Եթե համատիրությունը կատարում է իր պարտականությունները, եթե տեսնում ենք մեր վճարած գումարների արդյունքը, ապա մենք էլ պատրաստ ենք մեր պարտականությունները կատարել բարեխղճորեն և ժամանակին վճարել համատիրության վճարները։

Որովհետև բնակիչները երբեք չեն խուսափել իրենց պարտականություններից։ Նրանք պարզապես ցանկացել են տեսնել, որ իրենց վճարած գումարները ծառայում են իրենց շենքի բարեկարգմանը, անվտանգությանն ու բնակիչների բարեկեցությանը։

Այս ամենը մեկ կարևոր բան է ապացուցում․ երբ կա պատասխանատվություն, ցանկություն և իրական աշխատանք կատարելու պատրաստակամություն, փոփոխությունը կարող է սկսվել նույնիսկ մի քանի օրվա ընթացքում։

Շնորհակալություն առաջին հերթին թաղապետ Սերոբ Սարգսյանին՝ համատիրության ղեկավարի փոփոխության համար և նոր համատիրության ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ գործով իր ներկայությունն ապացուցելու համար։ Մեր ցանկությունն է, որ այս աշխատանքը լինի միայն սկիզբը, իսկ 178 շենքը վերջապես ստանա այն ուշադրությունն ու հոգատարությունը, որին արժանի է։

Եվ վերջում՝ մի պարզ միտք․ բնակիչներից վճարումներ պահանջելուց առաջ պետք է նրանց ցույց տալ կատարված աշխատանքը։ Իսկ երբ աշխատանքը տեսանելի է, վստահությունն էլ ինքնաբերաբար վերադառնում է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր