211652_close_icon

Շենգավիթի համայնքային ոստիկանները 1 շաբաթվա ընթացքում այնքան զենք-զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ․ հերթականը հայտնաբերվեց Նոր Խարբերդում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count21266 դիտում article-date 19:43 14-11-2024
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ վերջին 1 շաբաթում ակտիվ պայքար են սկսել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի հանձնարարականներն էին Շենգավիթի բաժնի պետ Ա․ Մկրտչյանը փոխանցել Շենգավիթի ոստիկաններին, որ պետք է ակտիվ պայքար տանեն ցանկացած քրեորեն պատժելի արարքի դեմ, այդ թվում նաև աշխատանքներ իրականացնեն ազգաբնակչության հետ, որպեսզի եթե լինեն քաղաքացիներ, ովքեր իրենց մոտ պահում են ապօրինի զենք-զինամթերք, ապա ինքնակամ ներկայացնեն իրավապահներին և եթե պարզվի, որ այդ զենքերով քրեորեն պատժելի արարքներ տեղի չի ունեցել, ապա նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` երեկ՝ նոյեմբերի 13-ին, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ, Արցախյան պատերազմի մի մասնակից իր մոտ ունի պատերազմից բերված զենք-զինամթերք։ Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այդ քաղաքացին, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հրապարակում համայնքային ոստիկաններին հայտնում է, որ իրենց ստացած տեղեկությունը հավաստի է և Նոր Խարբերդի տարածքում ինքը թողնում է զենք-զինամթերք։

Շենգավիթի համայնքային ոստիկանները՝ պետի տեղակալ Ա․ Միքայելյանի գլխավորությամբ, մոտ 1 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացնում, որը տևում է մոտ 1 ժամ և նրանք Նոր Խարբերդի Անտառային փողոցի վերջնամասում հայտնաբերում են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ հայտնաբերվում է առանց գործարանային համարների 1 հատ «Շմայզեր» ինքնաձիգ, 1 հատ կարճեցված փողով ողորկափող հրացան, 1 հատ կարճեցված փողով հրացան ինքնաշեն ատրճանակ, 280 հատ 7.62 մմ ինքնաձիգի փամփուշտ, 213 հատ 5,45 մմ ինքնաձիգի փամփուշտ, 23 հատ 7.62 մմ «ՊԿ» փամփուշտ, 1 հատ «Ջ1» նռնակ, 1 հատ «ՌԳԴ» 5, նռնակի պայթուցիչ 4 հատ, 1 հատ դիմշաշկա, 49 հատ տոզ փամփուշտ, 2 հատ փամփշտատուփ, 2 հատ 12,7 տրամաչափի փամփուշտ։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և ավագ քննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություներով` միայն վերջին 1 շաբաթվա ընթացում Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են այնքան զենք ու զինամթերք, որ դրանով կարելի է զինել մի ամբողջ վաշտ։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր