211652_close_icon
views-count32766 դիտում article-date 11:55 06-12-2024

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ. օպերացիան ղեկավարել է քրեական ոստիկանության մարզային վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարութան պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը վերջերս ոստիկանության քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների ղեկավար կազմին հորդորել են, որպեսզի շարունակեն ակտիվ պայքարը՝ տարբեր բնույթի հանցագործությունների դեմ, այդ թվում՝ պետք է սրտացավ մոտեցում ցուցաբերվի ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ քրեական վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ հերթական անգամ իրենց կողմից կատարված հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Արմավիրի մարզի բնակիչներից մեկի մոտ, ով 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, մեծ քանակի զենք-զինամթերք կա:  

Քրեական ոստիկաններն ու հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, բացատրական աշխատանքներ են իրականացնում այդ քաղաքացու հետ, իսկ վարչության պետ Ա. Բդոյանն ու վարչության պետի տեղակալ Հ. Արիստակեսյանը նրան ներկայացնում են, որ եթե քաղաքացին ինքնակամ, իր մոտ պահվող զենք-զինամթերքը ներկայացնում է իրավապահներին, ու երբ պարզվի, որ դրանցով քրեորեն պատժելի արարք տեղի չի ունեցել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից, ու երեկ այդ քաղաքացին Արմավիրի քրեական ոստիկանության վարչության ոստիկաններին հայտնում է, որ ինքը իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի՝ ժողովդրին հայտնի կաթի գործարանին հարակից վայրերից մեկում:

Քրեական և համայնքային ոստիկանները մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են կասկածելի պարկերը, ինչից հետո տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում գտնվող կաթի գործարանի հետնամասում՝ պարսպի տակ, հայտնաբերվում է զենք-զինամթերքը, որը պոլիէթիլենային տոպրակներով է լինում:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են պոլիէթիլենային տոպրակի մեջ որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված 6 հատ ինքնաձիգ, մասնավորապես` առանց գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի մի քանի ինքնաձիգ՝ իրենց փամփշտատուփով, 1823 գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփերով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, «ԱԿՄ» տիպի առանց խզակոթի ինքնաձիգ իր փամփշտատուփով, ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն իր փամփշտատուփով, 4 հատ ատրճանակ, մասնավորապես՝ 5,6 մմ տ/չ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Բերետա» տիպի ձևափոխած 5,6 մմ տ/չ ատրճանակ, «ՄՊ 654Կ» տիպի 4,5 մմ տ/չ « Բայկալ» տեսակ օդաճնշիչ ատրճանակ, «Բարիկադ-U17» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ, 5 հատ հրացան, մասնավորապես՝ ջնջված գործարանային համարներով «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, 6738 գործարանային համարի «ԻԺ 26» տիպի 16 մմ տ/չ երկփողանի ողորկափող հրացան, «ՄՑ 2112» տիպ մեկ փողանի 12 մմ տ/չ ողորկափող հրացանի փող, մեկ փողանի «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ ողորկափող հրացան, «ԻԺ 18Մ» տիպի մեկ փողանի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի 32 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան,  փողատակային նռնականետ, 13 հատ փողատակային նռնականետի նռնակ, սվին դանակ, 5 հատ «ՈՒԶՌԳՄ» նոնակի պաթուցիչ, 2 հատ հակագազ իր լրակազմով, ուսումնական իմիտացիոն փամփուշտ, 26 մմ տ/չ ազդանշանային փամփուշտ, 20 մմ տ/չ, 12,7 մմ տ/չ և 14,5 մմ տ/չ փամփուշտներ, 637 հատ 7,62 մմ տ/չ ինքնաձիքի փամփուշտ, 126 հատ 7,62 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, ուսումնական նռնակ՝ իր պայթուցիչով։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արմավիրի մարզի ոստիկանները Ա. Բդոյանի, Հ. Արիստակեսյանի, Վ. Գևորգյանի գլխավորությամբ նման խոշոր չափի զենք-զինամթերք է հայնաբերել:

Անգամ երբ Ա. Բդոյանը աշխատում էր՝ որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, մարզում նույնպես ցուցանիշները բավականին բարձր էին՝ հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես նաև հանցագործությունների կանխման ու նախականխման ուղղությամբ, ու այդ տարիներին Շիրակի մարզում ոստիկանները այնքան զենք-զինամթերք էին հայտնաբերել, որով կարելի էր մի ամբողջ գունդ զինել, իսկ հիմա Շիրակի մարզում քրեական ոստիկանությունը՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, կաղում են, տեղում դոփում են:

Շիրակի մարզի քրեական ոստիկանների ոչ օպերատիվ աշխատանքի արդյունքում մարզում հետընթաց է արձանգրվել հանցագործություններրի կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ, փոխարենը Արմավիրի մարզում այդ հանցագործությունների դեմ պայքարը բարձր ցուցանիշներ է արձանագրել:

Լուսանկաները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր