211652_close_icon
views-count51437 դիտում article-date 20:14 09-09-2025

Կոտայքի համայնքային ոստիկանները հերթական զենք-զինամթերքն են հայտնաբերել․ վերջին 1 տարում այնքան զենք-զինամթերք են հայտնաբերել, որ կարելի է մի ամբողջ գունդ զինել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջերս ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության քրեական և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ փոխանցել է ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ քրեական և համայնքային ոստիկանները պետք է շարունակեն պայքարը բոլոր տեսակի հանցագործությունների դեմ, որի մեջ է մտնում նաև ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելը։ 

Ա. Ղազարյանը փոխանցել է նաև, որ ոստիկանությունը պետք է բացատրական աշխատանքներ կատարի ազգաբնակչության հետ, որպեսզի քաղաքացիները, ովքեր իրենց մոտ ունեն ապօրինի զենք-զինամթերք, ինքնակամ ներկայացնեն իրավապահներին, և եթե պարզվի, որ այդ զենքերով քրեորեն պատժելի արարքներ տեղի չեն ունեցել, ապա այդ քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից։

Վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները լուրջ պայքար են տարել և շարունակում են տանել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ 

Համայնքային ոստիկանները նաև ակտիվ շփումների մեջ են ազգաբնակչության հետ, և այդ շփումների արդյունքում մեծ թվով քաղաքացիներ ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացրել իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Կոտայքի բաժնի ծառայողների շնորհիվ այնքան զենքեր են հայտնաբերվել, որով կարելի էր զինել մի ամբողջ գունդ։

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, բաժնի պետ Տիգրան Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ հերթական զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքն են գրանցել Կոտայքի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ  մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է եղել և իր հետ այնտեղից զենք և զինամթերք է բերել։ Լսելով համայնքային ոստիկաններին՝ Կոտայքի բնակիչը այդ ամենը թողնում է Աբովյան քաղաքում գործող ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետնամասում՝ պոլիէթիլենային տոպրակով։

Նշված վայր են ժամանել ոչ միայն համայնքային ոստիկանները, այլ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարեկների և համայնքային ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որ ահազանգողը չէր հայտնել կոնկրետ ո՞ր մասում է թողել զենք ու զինամթերքը։ 
Ոստիկանները և պարեկները մոտ 1 կմ շառավիղով տարածքը զննելուց հետո կասկածելի պարկը հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում՝ քարերի մոտ։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Պարկում հայտնաբերվել է «ԱԿՄ» տեսակի ինքաձիգ իր փամփշտատուփով, մեկ հատ «Գոլդ» գրառմամբ ատրճանակ իր դատարկ պահեստատուփով, մեծ քանակի տարբեր տրամաչափի փամփուշտներ և 8 հատ ծխագլանակ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր