211652_close_icon
views-count1999 դիտում article-date 09:57 06-11-2024

Ափսոս՝ որևէ մեկը Փաշինյանին չի տեղեկացրել, որ դեռեւս 124 տարի առաջ հայկական կոնյակը որպես բացառություն իրավունք է ստացել օգտագործել «կոնյակ» մակնշումը. «ՉԻ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը (սա այն նույն ՔՊ-ական պաշտոնյան է, որն ամիսներ առաջ հայտարարել էր, թե Հայաստանի իրական անկախության օր պետք է հռչակել սեպտեմբերի 19-ը՝ Արցախի ամբողջական հայաթափման օրը) հիմա էլ հայտարարել է, թե այսուհետ հայ արտադրողներն իրենց արտադրանքը չեն մակնշի «կոնյակ» անվանումով, փոխարենը «Հայկական բրենդին» կգրանցվի որպես աշխարհագրական նշում։ Սա, հասկանալի է, ոչ թե էկոնոմիկայի նախարարի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է, որը վերջերս անսպասելիորեն տեղեկացել էր, որ Կոնյակը ոչ թե խմիչքի անուն է, այլ աշխարհագրական տեղանուն, իսկ որպես «կոնյակ» կարող է մակնշվել միայն ֆրանսիական այդ տարածաշրջանում արտադրված խմիչքը։

Ափսոս՝ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի տեղեկացրել, որ դեռևս 1900 թվականին՝ 124 տարի առաջ, Շուստովի երևանյան կոմբինատում արտադրված հայկական կոնյակը Փարիզի միջազգային մրցույթում «Ֆին-շամպայն ընտիր» անվանումով երկու անգամ անընդմեջ «կույր դեգուստացիայի» փուլում հաղթող է ճանաչվել, արժանացել գրան-պրիի և որպես բացառություն՝ իրավունք ստացել օգտագործել «կոնյակ» մակնշումը (Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանը այս փաստն այլ կերպ է ներկայացնում. «Մկրտիչ Մուսինյանցի հեղինակած առաջին հայկական տեսակավոր կոնյակը՝ «Ֆին-շամպայն ընտիրը» թողարկվել է 1902 թվականին։

Այն միանգամից բարձր գնահատանքի է արժանացել Բորդոյում տեղի ունեցած համտեսի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից՝ հաստատելով կոնյակի բարձր որակը և լիարժեք համապատասխանությունը խիստ չափորոշիչներին», իսկ ընկերության կայքում հստակեցված է. «Ֆին-շամպայն ընտիր»-ն իր անունը ստանում է դասական ֆրանսիական կոնյակի հայրենիքի պատվին: Բորդոյում ցուցահանդեսի պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատում ըմպելիքը՝ հաստատելով բարձր որակը և դրա լիարժեք համապատասխանությունը կոնյակի խիստ չափորոշիչներին»: Աշխարհի ցանկացած այլ երկիր կփորձեր օգտագործել այս փաստը և պայքարել իր կարևորագույն բրենդներից մեկի համար, բայց՝ չէ․ Նիկոլը որոշել է դա է՛լ հանձնել, որպեսզի հանկարծ որևէ մեկին չբարկացնի։ Փոխարենը՝ կգրանցի «Հայկական բրենդին»։

Վրացիները, ի դեպ, վաղուց իրենց չաչան (պարզ ասած՝ խաղողի չեչից քաշած «յաթրջին») գրանցել են որպես բրենդի, իսկ մենք մեր կոնյակը նո՛ր պիտի որպես «բրենդի» գրանցենք։

Ամբողջական հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»-ում: 

Նմանատիպ նյութեր