211652_close_icon
views-count949 դիտում article-date 16:46 04-06-2024

ԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy-ն գրանցվի որպես աշխարհագրական նշում:

Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել Armenian brandy անվանումը»,-ասաց Պապոյանը:

Նոր անվանման մասին ԵՄ-ն տեղեկացվել է 2023թ հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ–ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 5-րդ նիստի ժամանակ: Պաշտոնական գրությամբ տեղեկացվել են Եվրահանձնաժողովի համապատասխան տնօրինությունները:

«Նոր անվանումը մեզ հնարավորություն կտա խթանել, գովազդել, շուկայահանել և ապահովել շուկայահանվող կոնյակի արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմների ներդրումը: Դրա համար նաև ԵՄ-ի կողմից աջակցություն կա՝ 2 տարվա ընթացքում 2.9 մլն եվրոյի չափով»,–ասաց Պապոյանը:

Ծրագրի շրջանակներում ԵՄ-ի աջակցությունը կտրամադրվի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգը:

«Կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական կոնյակը գրանցվի որպես աշխարհագրական նշում,  Armenian brandy-ն բրենդ լինի, գրանցվի ու պաշտպանված լինի, ունենա հստակ չափորոշիչներ, արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական կոնյակի բոլոր արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը:

Եթե մենք այս աշխարհագրական անվանումը տալիս ենք որևէ կոնյակ արտադրողի, ապա պետք է բացառենք անորակ կոնյակի արտադրության, առավել ևս արտահանման որևէ հնարավորություն»,–ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր