211652_close_icon
views-count43853 դիտում article-date 18:34 24-09-2024

Սևանում պարեկներն իրականացրել են «Հո՛պ, կուլ տվեց նա որդը, կարթը մնաց կոկորդը» օպերացիան․ ստացված տեղեկությունը հավաստի էր․ «Ford»-ի ուղևորի մոտ հայտնաբերվել է թմրանյութ․ նա ասում էր՝ այն գտել է Երևանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզում հերթական օպերացիան են իրականացրել, որը կրել է «Հո՛պ, կուլ տվեց նա որդը, կարթը մնաց կոկորդը» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դդմաշեն գյուղից դեպի Դիլիջան ընթացող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է վարորդը կամ ուղևորը ժողովրդի լեզվով ասած «ուռում են»։

Տեղում գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանի հանձնարարականով պարեկները անցնում են ուժեղացված ծառայության, որպեսզի հայտնաբերեն կասկածելի «Ford Transit»-ը, քանի որ չէր բացառվում, որ վարորդը կարող էր մեկնել կա՛մ դեպի Գագարին, կա՛մ դեպի Գավառ։

Արդեն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում գումարատակի ծառայության ավագ տեսուչ Հ․ Գևորգյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Մասիս Բաղդասարյանն ու պարեկ Ավետ Սերոբյանը կանգնեցնում են կասկածելի «Ford Transit»-ը, որը վարելիս է լինում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Է․ Մ․-ն։

Ստուգման արդյունքում պարզվում է, որ վարորդի մոտ կասկածելի ոչինչ չկա, սակայն ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Բենյամին Ք․-ն ինքնակամ պարեկներին է ներկայացնում 1 հատ կաթոցիչ՝ կիսամոխրացված վիճակում և թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։

Քանի որ տեղում պարզվում է, որ պարեկների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, վարորդն ու ուղևոր Բենյամին Ք-ն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժին։

Տեղում պարզվում է, որ Բենյամին Ք․-ի կողմից իր տաբատի աջ գրպանիկից ներկայացված 1 հատ կաթոցիչ՝ ընդհանուր 2․90 գրամ և թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 2․21 գրամ, առանց թղթե փաթեթի 0․59 գրամ քաշերով հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, իսկ արդեն ոստիկանությունում Բենյամին Ք․-ն հայտնում է, որ այդ ամենը ինքը սեպտեմբերի 21-ին գտել է Երևան քաղաքից, սակայն կոնկրետ վայրը չի հիշում և պահել է իր մոտ՝ անձնական օգտագործման համար։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վարորդն ու ուղևորը բաց են թողնվել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր