211652_close_icon
views-count24746 դիտում article-date 20:29 18-09-2024

Արաբկիրի ոստիկանների կողմից որոնվում են 31-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում են Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 7-ին Երևանի բնակիչ 31-ամյա Գ․ Բ․-ին դաժան ծեծի ենթարկելու, դանակի մի քանի հարվածներ պատճառելու մեջ։

Այդ օրը ժամը 16։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ պարզվել, որ նա ունեցել է «կրծքավանդակի և հետույքի բազմակի կտրած-ծակած վերքեր, քթոսկրերի կոտրվածք հարցականով» վնասվածքներ։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, ապա Արաբկիրի ոստիկաններին են միանում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ, պարզում են, որ Գ․ Բ․-ի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Տոլբուխինի փողոցի 7-րդ հասցեի մոտ և հենց այդ վայրից էլ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նրա հետ վիճաբանել են Վլադիմիր Մ․-ն և Աղասի Ա․-ն։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր