211652_close_icon
views-count2089 դիտում article-date 12:13 26-08-2024

Քրիստոսի արձանը հրաշալիքներից մեկն է լինելու, դեմ արտահայտվողները ժամանակի ընթացքում կհասկանան դա․ Գագիկ Ծառուկյան

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին երկար եմ մտածել, ընտանիքիս անդամների, ծանոթների ու տարբեր ոլորտների անձանց հետ եմ քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ արձանի կառուցման գաղափարը քննարկվել է շուրջ 1,5 տարի։

«Իմ մեջ միտք է ծագել, որ մենք հայ ենք, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը։ Մենք պետք է խեղճ չմնանք, պետք է ասենք, որ կա հայ ժողովուրդ, որը քրիստոնեություն է ընդունել։ Դա մեզ միայն ճանաչում ու հզորություն է տալիս», - նշեց նա։

Tert.am-ի դիտարկմանը, որ կան բազմաթիվ քննադատություններ արձանի հետ կապված, Ծառուկյանը պատասխանեց, որ նորմալ է ընդունում քննադատությունները, քանի որ ցանկացած նախաձեռնություն սկզբում քննադատությունների է արժանանում։

«Ամեն ինչ ժամանակին կապացուցվի։ Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման միջոց, հրաշալիքներից մեկն է լինելու։ Ժամանակի ընթացքում դեմ արտահայտվողները դա կհասկանան։ ես միայն չեմ ընդունում չարախոսությունը», - ասաց նա՝ շեշտելով, որ Փարիզում Էյֆելյան աշխատակի կառուցմանը ևս մարդիկ ժամանակին դեմ էին, մինչդեռ այժմ այն Ֆրանսիայի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է։

Լրագրողի դիտարկմանը, թե միանշանակ չէր նաև Հայ Առաքելական Եկեղեցի դիրքորոշումը և ՀԱԵ-ից ևսքննադատություններ հնչեցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են եղել, որոնք իրենք անցկացրել են ինչպես Ամենայն Կայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։

«Բոլորը պետք է հասկանան, որ ես կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն։ Եթե ես եկեղեցի կառուցեի ու եկեղեցում դնեի, այլ բան կլիներ», - ասաց նա՝ հավելելով, որ մեր երկիրը չունի գազ, նավթ, ոսկի ու ադամանդ, բայց ունի տուրիզմը զարգացնելու հիանալի հնարավորություն։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներին՝ Ծառուկյանը նշեց, որ դրանք շարունակվում են, նախնական նախագծի որոշ փոփոխություններ են եղել և նախարարության հետ իրենք համագործակցում են։ Ճշտող հարցին՝ կան արդյոք խնդիրներ իրավական առումով, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց, որ խնդիրը կապված է եղել հայտնաբերված ամրոցի հետ։

«Ես գումարները փոխանցել եմ, եկել են, ուսումնասիրել ու հայտնաբերել ամրոց։ Մենք պայմանավորվել ենք, ես պատրաստակամ եմ եղել դրանք վերակառուցել։ Դա պատմություն է, զբոսաշրջիկները կգան դա էլ կտեսնեն», - հավելեց նա։

Նմանատիպ նյութեր