211652_close_icon
views-count829 դիտում article-date 10:09 10-08-2024

Փարիզ-2024. Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 3 ներկայացուցիչները

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 10-ին Հայաստանը կունենա երեք մասնակից: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները՝ ազատ ոճի ըմբիշ Վազեգն Թեւանյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը:

Առաջինը մրցագորգ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ): Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլին, որը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղն է զբաղեցրել:

Վազգեն Թեւանյանի մասնակցությամբ 1/8 եզրափակիչի գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ից: A մրցագորգում Թեւանյանի գոտեմարտը կլինի երրորդը:
ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ
ազատ ոճի ըմբիշ, 65 կգ
Ծնվել է  1999թ․ հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։
Անձնական մարզիչը Ռաֆիկ Գոլեցյանն է։
Ամուսնացած է։
 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է,  2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ
2019թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն է, 2020 թ.  աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, 2021 թ. աշխարհի Մ23 փոխչեմպիոն  2022 թ. Մ23 աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023թ. աշխարհի առաջնությունում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
 
Երեւանի ժամանակով 13:30-ից Փարիզի  «Հարավային Փարիզ 6» մարզապալատում կմեկնարկի Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը:
102 կգ քաշայինների պայքարում օլիմպիական մեդալների համար կպայքարի 13 ծանրորդ: Գարիկ Կարապետյանի երկամարտի նախնական հայտը 405 կգ է: Գարիկ Կարապետյանը այս քաշային կարգի ֆավորիտներից է: Նրանից 2 կգ ավել է պատվիրել Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Ասիայի փոխչեմպիոն, ուզբեկ Ակբար Ջուրաեւը:
ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ծանրամարտ 102 կգ քաշային կարգ  
Ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում
2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2019 թ. պատանիների աշխարհի փոխչեմպիոն, 2021 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:
 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտի 392 կգ արդյունքով  սահմանել է երեք ռեկորդ (178+214): 2023 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն է, 2023 թ. աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր եւ ռեկորդակիր, 2023 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:
 
Երեւանի ժամանակով 22:30-ից մրցահարթակ դուրս կգան ծանրամարտի +102 կգ քաշայինները, որտեղ տիտղոսի համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը եւ Բահրեյնը ներկայացնող Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:
+102 կգ քաշայինների պայքարում տիտղոսի եւ օլիմպիական մեդալների համար կպայքարի 13 ծանրորդ: Վարազդատ Լալայանի երկամարտի նախնական հայտը 460 կգ է: Նույնքան է նաեւ Գոռ Մինասյանի նախնական հայտը՝ 460 կգ: Այս քաշային կարգի ֆավորիտը կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն է:
ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ, ծանրամարտ +102 կգ
Ծնվել է 1999 թ. մայիսի 1–ին, ամուսնացած չէ
2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է  փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):
2023 թ. Աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է վարկանիշային մրցաշարերի արդյունքներով եւ միավորներով:

Նմանատիպ նյութեր