211652_close_icon
views-count1990 դիտում article-date 14:39 26-06-2024

Ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք. ՆԳՆ իրավաբանական վարչության պետ

«Հատկապես Երեւանում ինքնագլորներով՝ անհատական շարժունակության միջոցներով երթեւեկելու դեպքերի բազմիցս ենք ականատես լինում: Հասունացել է մի իրավիճակ, երբ այս շարժունակության միջոցները պետք է բերվեն օրենսդրական դաշտ: Դրանք համապատասխանեցվել են հիմնականում հեծանիվների համար նախատեսված կանոններին» ,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ ՆԳՆ վերջին՝ երկու օրենսդրական երկու նախաձեռնությունների մասին խոսելիս:

Խոսքը վերաբերվում է անհատական շարժունակության միջոցների երթևեկության կանոնների կարգավորմանը եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջին: Ինչ վերաբերվում է անհատական շարժունակության միջոցներով երթեւեկությունը կանոնակարգելուն, Մարանդյանը նշեց. «Նախաձեռնության նպատակը ոչ թե միայն պատասխանատվության միջոցների սահմանումն է, այլ փորձել ենք սրանով սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Երեւան քաղաքում այս ոլորտում նոր մշակույթի ձեւավորմանը: Նախագծի նպատակը ավելի շատ քաղաքացիներին տեղեկացնելն է, նրանց վարքագիծը կանոնակարգելն է, քան պատասխանատվության միջոցների նախատեսումը: Բնականաբար, ինչպես ցանկացած կարգավորիչ նորմ, այս դեպքում եւս կարգավորումները խախտելու պարագայում նախատեսված են վարչական ներգործության միջոցներ… Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովության մասին օրենքում ներկայումս բացակայում է այս միջոցի հասկացությունը: Նախ տրվել է անհատական շարժունակության միջոցի սահմանումը, ապա նախատեսվել են դրանով երթեւեկության կանոններ»:

Ռուսլան Մարանդյանը որոշ մանրամասներ հայտնեց. «Մենք ուսումնասիրել ենք արտասահմանյան երկրների փորձը եւ փորձել ենք տեղայնացնել Հայաստանի Հանրապետությունում: Որպես կանոն՝ անհատական շարժունակության միջոցներով երթեւեկությունը թույլատրվելու է 18 տարին լրացած անձանց համար, կամ 16 տարեկան դարձած AN ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց: Երթեւեկությունը թույլատրվելու է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով, հեծանվորդների գոտիներով:

Ընդ որում, մենք գնացել ենք բացառման սկզբունքով՝ հաշվի առնելով ՀՀ-ում ենթակառուցվածքների առանձնահատկությունները: Եթե հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներ, հեծանվորդների գոտիներ չկան, երթեւեկությունը կարող է թույլատրվել մայթով կամ կողնակով, եթե դրանք էլ չկան, երթեւեկությունը կարող է թույլատրվել երթեւեկելի գոտու աջ հատվածով: Փորձ է արվել նախատեսել հնարավոր բոլոր իրավիճակները, որպեսզի սահմանված կարգով անհատական շարժունակության միջոց վարող անձը հնարավորություն ունենա անխոչընդոտ վարել դա, բայց դա չի նշանակում, որ եթե հեծանվորդների համար նախատեսված գոտին կա, անհատական շարժունակության միջոց վարող անձը այն կարող է վարել երթեւեկելի գոտու աջ հատվածով… Առավելագույն արագության սահմանափակում ունենք, վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունները պարտավոր են ապահովել, որ այդ միջոց վարողը չգերազանցի 20 կմ\ժամ արագությունը: Հասկանալի է, որ անվտանգության իմաստով այս միջոցները շատ քիչ պաշտպանված են, բնականաբար բարձր արագության պարագայում կարող է մեծ ռիսկ առաջանալ այս տրանսպորտային միջոցը շահագործողի համար»:

Նմանատիպ նյութեր