211652_close_icon
views-count838 դիտում article-date 20:17 14-06-2024

ՄԱԿ-ի պատվիրակությունն այցելել է Սևանի թերակղզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան

Հունիսի 13-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիկը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտակարգ իրավիճակների ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Գվենոլա Լե Կուստերը, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մի շարք ներկայացուցիչներ այցելել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» («Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) Սևանի թերակղզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է կայանում իրականացվող աշխատանքները, հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի բարելավման հեռանկարները և Սևանա լճի հիդրոէկոլոգիական ռեժիմը։

Պարոն Ազիզյանը ներկայացրել է նաև Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում ձեռքբերված օդերևութաբանական ավտոմատ կայանի հնարավորությունները և դրա գործառնական առավելությունները: Նա նշել է նաև տեղեկատվության կառավարման միասնական համակարգի ներդրման, արբանյակային տեղեկատվության ստացման և մշակման նորացված համակարգի մասին:

Ընդգծվել է այն կարևորագույն փաստը, որ սարքավորումներն արդիականացվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության չափանիշներին համապատասխան, որը թույլ է տալիս ավտոմատ դիտակայանների և ինտեգրված թվային տվյալների բազայի ինտեգրման միջոցով ապահովել հավաստի և ժամանակին տեղեկատվություն։

Պարոն Ազիզյանը ամփոփ ներկայացրել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետ տվյալերի փոխանակմանը, տարածաշրջանային փոխգործակցությանը և մասնագետների վերապատրաստմանն ուղղված համագործակցային կապերի և Հայաստանի Հանրապետության՝ ՀՕԿ-ի հիմնական գիտատեխնիկական ծրագրերում մասնակցության շրջանակը։

Ֆղանսուազ Ժակոբը բարձր է գնահատել տեխնիկական կարողությունների բարելավմանը միտված համագործակցային ջանքերը՝ հատկապես կլիմայի փոփոխության անխուսափելի հետևանքների մեղմման և հարմարվողականության բարձրացման համատեքստում: Նա հավաստիացրել է, որ իր առաջիկա հնգամյա աշխատանքային գործունեությունն ուղղվելու է համակողմանի բազմոլորտ փոխգործակցային ներուժի զարգացմանը՝ կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների լուծման համար բնահեն և մարդակենտրոն սիներգիկ մոտեցումների կիրառման տեսլականով։

Նմանատիպ նյութեր