211652_close_icon
views-count59644 դիտում article-date 09:12 01-06-2024

Հերթական ողբերգական ավտովթարը՝ Երևան-Գյումրի «մահաբեր» անունը ստացած հատվածում․ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ մարմինը դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են վերամբարձ կռունկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում, ժողովրդի կողմից «մահաբեր» ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և  կողաշրջվել»: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 19 հրշեջ-փրկարարկան ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նիկոլայ Նահապետյան ու կրտսեր պարեկ Գաբրիել Գաբրիելյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թալինի  բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Իսկանդարյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչութույունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։

Նված հատվածում հաճախակի են տեղի ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում մարդատար գազելների մասնակցությամբ, այդ թվում ողբերգական, սակայն մի քանի տարի է նոր Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի այս հատվածի շահագործման վերջը չի երևում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր