211652_close_icon
views-count586 դիտում article-date 19:41 09-05-2024

Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Մայր Աթոռ

Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Հայոց Հովվապետի նախագահությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, ներկա հավատացյալ ժողովրդին ու համայն հայությանն ուղղեց իր պատգամը․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց,

Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Նմանատիպ նյութեր