211652_close_icon
views-count30423 դիտում article-date 14:18 14-03-2024

Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում՝ «Վան» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Էջմիածնի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Հրդեհի հետևանքով վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Իշխան Մ.-ն այրվածքներով տեղափոխվել է նախ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի տեխնիկային գծով ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:  

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին տարբեր հատվածներում ու ստեղծել էին արհեստական խցանում, ինչը դժվարացնում էր հրշեջների աշխատանքը, սակայն պարեկների ժամանումից վայրկյաններ անց ճանապարհն ամբողջությամբ բացվեց և տեղում ուժեղացված ծառայության անցան պարեկներ Կարեն Աթոյանն ու Համլետ Առաքելյանը:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է, երբ վարորդը այն վարելիս է եղել, ու երբ կրակը նկատել է, իրեն դուրս է նետել ավտոմեքենայից:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր