211652_close_icon
views-count71768 դիտում article-date 23:12 10-03-2024

Սպանություն՝ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ. սպանությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության շնորհիվ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 10-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի և ոստիկանության Աշտարակի բաժինը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ տիրապետեին մարզում օպերատիվ իրավիճակին և կարողանային ճիշտ աշխատել գործակալական ցանցի հետ, սակայն մինչ մարզի ոստիկանապետն ու Աշտարակի ոստիկանապետը ծանրութեթև էին անում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանությունն ավելի օպերատիվ և արդյունավետ աշխատեց։

Այսօր ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին ու մինչ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կբարեհաճեին դեպքի վայր, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Օշական գյուղի բնակիչ 43-ամյա Նորիկ Բաքոյանն է։

 Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի կողմից օգտագործվող անասնագոմի հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Օշական գյուղի բնակիչներ 43-ամյա Նորիկ Բաքոյանի, նրա որդի, 19-ամյա Սուրիկ Բաքոյանի, մյուս կողմից Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի, վերջինիս մոտ հովիվ աշխատող, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ուսոյանի միջև։

Այդ ժամանակ էլ Ն. և Ս. Բաքոյանները քարերով և փայտով հարվածել են Ս. Ուսոյանին, որից հետո էլ Մ. Խալոյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ն. Բաքոյանի մարմի տարբեր մասերին, ով ստացած վնասվածքների պատճառով մահացել է։

Քրեական Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, հետո նրանց միացած Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կասկածյալ Մ. Խալոյանին հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր