211652_close_icon
views-count964 դիտում article-date 14:08 11-02-2024

Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Կարմիր Ավետարան տաճարը կործանման եզրին է

News.am-ի փոխանցմամբ՝ Վրաստանի հայ համայնքը ահազանգում է Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) տաճարի ճակատագրի մասին՝ քաղաքի պատմական կենտրոնի ինտենսիվ կառուցապատման ֆոնին։

«Կարմիր Ավետարանը շուտով կարող է դառնալ ամբողջովին անմատչելի և շրջապատված լինել շինություններով... մտավախություն է առաջանում, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին և վերադարձնել տիրոջը, քանի դեռ այս նշանավոր տաճարը հիմնովին չի ավերվել»,- ասվում է համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Կարմիր Ավետարանը, որը հիմնադրվել է 1775 թվականին, կառուցվել է ծխականների նվիրատվություններով և ժամանակին եղել է Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ 20-րդ դարի 80-ականների վերջին երկրաշարժի հետևանքով փլուզվել է տաճարի գմբեթը, և այդ ժամանակվանից եկեղեցու շենքի վիճակը գնալով վատթարանում է։

2016 թվականին տաճարի արևելյան պատից մի քանի մետր հեռավորության վրա սկսվել է հյուրանոցի շինարարությունը։ Հյուրանոցը կառուցվել է՝ չնայած հայ համայնքի բողոքին և մի շարք հասարակական կազմակերպությունների նախազգուշացումներին։

ՀԿ փորձագետները նշել են, որ ծանր տեխնիկան զգալի վնաս է հասցրել եկեղեցու հիմքին:

Ըստ հայ համայնքի, մոտակա տարածքը շուտով կրկին շինհրապարակի կվերածվի։

«(Եկեղեցու պատի մոտ) մի կողմից հյուրանոցի պահպանության խցիկն է, մյուս կողմից՝ արգելապատնեշով ավտոկայանատեղի, հավանաբար նույն հյուրանոցինը։ Բացի այդ, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող տարածքում տեղադրվել է պաստառ, ըստ որի նշված տարածքը վաճառվում է, ինչը հաստատում է այն ենթադրությունները, որ մոտ ապագայում եկեղեցին ամբողջովին անմատչելի է լինելու»,- ասվում է հայ համայնքի հայտարարության մեջ։ 

Շամխորեցոց Սուրբ Աստվածածին տաճարը գտնվում է պետության բալանսում, և Հայ առաքելական եկեղեցին չունի լծակներ՝ ինքնուրույն իրականացնելու աշխատանքները կամ օրինական կերպով պահանջելու, որ վրացական պետությունը պահպանի հուշարձանը։

Նույն պատճառներով ՀԱԵ-ն չի կարող պահանջել չեղյալ համարել տաճարի կողքին գտնվող շինթույլտվությունը։

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2004թ.-ից իրենք բազմիցս դիմել են Վրաստանի իշխանություններին՝ եկեղեցին փրկելու խնդրանքով, սակայն իրենց խնդրանքներն անտեսվել են։

«2009-ին մենք դիմել ենք վարչապետ Նիկա Գիլաուրիին՝ եկեղեցին հայոց թեմին վերադարձնելու խնդրանքով, 2012-ին, 2015-ին էլ ենք դիմել, բայց արձագանք չի եղել։ Կարելի էր, չէ՞, կոնսերվացիա իրականացնել, որպեսզի այն չփլուզվի։ Հիմա ամեն օր կորում է մեկ աղյուս, մեկ քար։ Միգուցե շուտով կգա այն օրը, երբ նրանից ոչինչ չի մնա»,- Radio Tavisupleba»-ին ասել է Խաչատրյանը:

Ըստ «Radio Tavisupleba»-ի վրացական ծառայության, եկեղեցու մոտ գտնվող մեքենաների կայանատեղին (957 քմ մակերեսով հողատարածք) վաճառվում է հյուրանոցի էսքիզի հետ միասին։

Պաստառի վրա պատկերված է չորս հարկանի կարմիր աղյուսով շենք, սակայն պարզ չէ, թե արդյոք այս նախագիծը հավանության է արժանացել Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։

Հայկական Կարմիր Ավետարան եկեղեցին գտնվում է Պերիսցվալեբա փողոցում՝  մետրոյի «Հավլաբարի» կայարանի մոտ։ 2007 թվականին հայկական տաճարին տրվել է Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրա դրության վրա. օբյեկտը շարունակել է ավերվել։

Այն, ինչ այսօր մնացել է  դրանից,  գրաֆիտիով նկարված մի քանի պատ է՝ հսկայական ճեղքերով և թփերով պատված քարերի կույտերով:

Կարմիր Ավետարան հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Նոնիաշվիլին։

«Կարմիր Ավետարանը պետք է վերադարձվի տիրոջը, ինչպես նաև մյուս աղոթատեղիները, որոնք 1921 թվականից բոլշևիկները խլել են կրոնական խմբերից։ Այսօր դրանք յուրացվել են կա՛մ պետության, կա՛մ եկեղեցու կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նոնիաշվիլին։

Ըստ նրա, տեղի ունեցողը «վառ օրինակ» է այն բանի, թե ինչպես «պետությունը չի գնահատում սեփական մշակութային ժառանգությունը»՝ ժխտելով երկրի «իսկական բազմազանությունը»։

Ընդդիմադիրը հայտարարել է նաև, որ Վրաց պատրիարքարանը դեռևս հավակնություններ ունի տաճարի նկատմամբ։

Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներից ոչ մեկը դեռ չի արձագանքել հայ համայնքի կոչին։

Նմանատիպ նյութեր