211652_close_icon
views-count30012 դիտում article-date 12:21 19-01-2024

Տավուշի մարզի ոստիկանները հայտնաբերել են հերթական զենք-զինամթերքը, որը քաղաքացին իր հետ բերել է 44-օրյա պատերազմի ընթացքում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը  Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 44-օրյա պատերազմից հետո 10 հազարից ավելի զենք է անհետացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, ինչպես նաև քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում եղել են նաև բազմաթիվ դեպքեր, որ քաղաքացին ոստիկանություն է ինքնակամ ներկայացել ու հանձնել իր մոտ եղած զենք-զինամթերքը, բազմաթիվ դեպքերում էլ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ այսինչ տեղում զենք ու զինամթերք են թողել:

Օրերս հերթական խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, որին ներկա են եղել տարածքային բաժինների պետերն ու պետերի օպերատիվ գծով տեղակալները և հայտնել, որ ՆԳ նախարար Վ. Ղազարյանը և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը խիստ հանձնարարականներ են տվել, որպեսզի ամեն օր ոստիկանները ազգաբնակչության հետ շարունակեն բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի եթե իրենց մոտ ունեն զենք ու զինամթերք, ապա այն ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն, և եթե պարզվի, որ այդ զենքերով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:

Հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը Թույլտվության համակարգի ավագ տեսուչի հետ այցելել է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Մ. Ս.-ի տուն, ու արդեն այնտեղ ոստիկանների պահանջով Մ. Ս.-ն ննջասենյակում պահվող մետաղյա պահարանից ոստիկաններին է ներկայացրել ակոսափող որսորդական հրազեն, մեծ թվով որսորդական հրազենի փամփուշտներ և ինքնաձիգի մարտական փամփուշտներ:

Վերջինս հայտել է, որ ոստիկաններին ներկայացրածը ինքը բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի Հանրապետությունից:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր