211652_close_icon
views-count55330 դիտում article-date 09:52 03-12-2023

Դանակահարություններ՝ «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի մոտ. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. հայտնաբերվել է BMW, որի մեջ առկա են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա: Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոն են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դ. Պետրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, էրեբունու ոստիկանապետը, օպերատիվ գծով տեղակալն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ:

Ոստկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ մի քանի 100 մ հեռավորությամբ, տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 15-ամյա Գոռ Հ.-ն և 19-ամյա Ռուբեն Մ.-ն: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտաի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները, տեղում կատարելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ, արդեն մոտավոր գիտեն վիճաբանության և դանակահարության դրդապատճառները, ինչպես նաև մասնակիցների ինքնությունը:

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր