211652_close_icon
views-count62872 դիտում article-date 19:46 21-11-2023

Իրավապահների մոտ արդեն ուրվագծվում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում. մինչդեռ ԵՊՀ-ի մամուլի խոսնակը հերքում էր պայթյունի վարկածը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և տեղում մահացածի ինքնություններն արդեն պարզվել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ծխահարված ախտորոշմամբ 33-ամյա Հայկ Ղազարյանը, ով ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում։ Նա ծխահարվել է քաղաքացիների հետ վիրավորներին օգնություն ցուցաբերելիս։

Այրվածքաբանության գիտական կենտրոն են շտապօգնության բժիշկների խմբի կողմից «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել 70-ամյա Սեյրան Բիչախչյանն ու 66-ամյա Ահարոն Հակոբյանը։ վերջիններս Երևանի բնակիչներ են և հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Արդեն դեպքի վայրի նկուղային հարկում փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 73-ամյա Ժորժիկ Խաչատրյանի այրված դին։

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված համալսարանի նկուղային հարկում Ս. Բիչախչյանը իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Իսկ նույն օրը Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին համոզում էր, որ ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել։ Իսկ թե որտեղից էր մամուլի խոսնակը վստահ, դա արդեն իր խնդիրն է։ Նա չէր կարող առանց իր վերադասի գիտության նման տեղեկություն հայտնել։ Նա կարող էր իրականությունն իմանալ, եթե հարցներ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյաին, ով առաջին իսկ պահից և մինչև ոստիկանների, փրկարարների ու քննիչների աշխատանքների ավարտը եղել է դեպքի վայրում ու հավանաբար տեղեկացված է եղել, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով: Ժամանել էր հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սարգսյանը: Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել էին տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և  օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել էին հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ էին կատարել, հայտնաբերել էին 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր