211652_close_icon
views-count2077 դիտում article-date 17:53 30-10-2023

Զախարովան հայտարարել է, որ Դաղստանում կատարվածի իրականացման հարցում անմիջական և առանցքային դեր է ունեցել Ուկրաինան

Tert.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Դաղստանի Հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ծրագրված և իրականացված արտաքին սադրանքի արդյունք են, որի նպատակն է խաթարել Ռուսաստանի Դաշնության ժողովրդի ներդաշնակ զարգացումը և էթնո-դավանանքային միասնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ գործողության իրականացման հարցում անմիջական և առանցքային դեր է հատկացվել Ուկրաինայի իշխանություններին։

«Զելենսկու հայտարարությունների և հրապարակումների արագությունը, ինչպես նաև դրանց բովանդակությունը ուղղակի վկայում են այն մասին, որ Կիևի հետախուզական ծառայությունների կողմից ձեռնարկված տեղեկատվական դիվերսիաները համակարգված են»,-նշել է Զախարովան:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել:

Մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։

Նշենք, որ Կրեմլն առաջին անգամ մեկնաբանել է երեկ Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները:

«Սա հիմնականում արտաքին միջամտության հետևանք է, այդ թվում՝ տեղեկատվական ազդեցության», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա՝ քննարկելու Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության պառակտման համար:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը երկուշաբթի հրապարակային ելույթ կունենա բոլոր ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր