211652_close_icon
views-count40760 դիտում article-date 19:36 10-10-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Volkswagen-ը Հովունի գյուղում կոտրել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում. վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ա. Սարուխանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հովունի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարուխանյանն ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Դ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ վիրավորները ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներ են , ինչի համար էլ վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր