211652_close_icon
views-count56029 դիտում article-date 11:06 28-02-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Subaru»-ն կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշները և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու հայտնվել դաշտում․ վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Subaru» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել ու շպրտել, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։  

Օպերատիվ են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվեր Գրիգորյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր