211652_close_icon
views-count33575 դիտում article-date 17:44 07-10-2023

Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցները հարձակվել են իրենց կարգի հրավիրող պարեկների վրա. հարձակվողները 1 այլ պարեկի ազգականներն են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է՝ սեպտեմբերի 30-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի  բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով:

Այդ օրը պարեկները ծառայության ընթացքում նկատում են, որ «Հարսնաքարի» բակում մի խումբ անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում: Պարեկները մոտենում են այդ քաղաքացիներին և հորդորում, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունն ու ծեծկռտուքը, սակայն նրանցից 2-ը շարունակում են «աքլորանալ», ապա հարձակվում են պարեկների վրա: Հարձակվողներից մեկն էլ հարվածներ է հասցնում պարեկին: Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է կռվի մասնակիցներից 2-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որից հետո փաստաթղթերն ու այդ քաղաքացիները ներկայացվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացիներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Արսեն Վաթյանն ու 51-ամյա Վարդան Վաթյանը: Իսկ դեպքի վայրում քաղաքացին փորձել է պարեկներին համոզել, որ տեղի ունեցածի մասին մոռանան, սակայն դա օգուտ չի տվել: Պարզվել է, որ պարեկներին դեպքի մասին մոռանալու առաջարկությունն արել է մեկ այլ պարեկ, ով Վաթյանների ազգականն է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր