211652_close_icon
views-count31997 դիտում article-date 22:53 22-07-2023

Կրակոցներ Տավուշի մարզում․ կրակողը զարմացել էր, թե Իջևանի ոստիկաններն ինչպես են իմացել, որ 7 անգամ կրակոցներ արձակելու ժամանակ ամեն կրակոցին ինքը նշել է շաբաթվա օրերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 21-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ, 44-ամյա Ռուդոլֆ Ա․-ն Խաշթառակ բնակավայրում կրակոցներ է արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, երեկ Ռուդոլֆ Ա․-ին հրավիրում են Ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ նա խոստովանում է, որ Իջևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և ներկայացնում է նաև ատրճանակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցի օրը Ռուդոլֆ Ա․-ն մասնակցելիս է լինում իր ընկերոջ տղայի՝ բանակից զորացրվելու քեֆին, որի ժամանակ էլ իր ազգականի մոտ ապօրինի պահվող ատրճանակից 7 անգամ օդ է կրակել։

Ռուդոլֆ Ա․-ն նաև զարմացել է, որ Իջևանի ոստիկանները նույնիսկ այնպիսի տվյալներ են ստացել, որ կրակոցներ արձակելու ժամանակ ամեն կրակոց արձակելիս նա ասել է շաբաթվա 7 օրերը։ 

Դեպքի փաստով Ոստիկանության Իջևանի բաժնում կազմված փաստաթղթերն ու Ռուդոլֆ Ա․-ն ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր