211652_close_icon
views-count517 դիտում article-date 13:47 14-07-2023

Ռուսաստանը փակում է Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը

Ռուսաստանի կառավարությունը կարգադրել է փակել Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալությունը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական ակտերի կայքում։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Հուլիսի 14-ի հրամանում նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ՌԴ արտգործնախարարության առաջարկությամբ։

«Լեհաստանի Հանրապետության կառավարության անբարյացակամ գործողությունների արդյունքում, որոնք հակառուսական բնույթ են կրում, քայլեր են ձեռնարկվել Լեհաստանի տարածքում ռուսական դիվանագիտական ունեցվածքի անօրինական զավթման ուղղությամբ։ Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը զգալիորեն կրճատվել է»,- ասված  է փաստաթղթում։

Անցյալ տարվա ապրիլին Վարշավայում ռուսական դիվանագիտական սեփականության 2 օբյեկտ էր առգրավվել։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում էր, որ այս 2 օբյեկտները «չեն օգտագործվում դիվանագիտական և հյուպատոսական նպատակներով» և գտնվում են «ՌԴ անօրինական տիրապետության տակ»։

Բացի Սմոլենսկում հյուպատոսական գործակալությունից, Լեհաստանն ունի 3 գլխավոր հյուպատոսություն Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում և Իրկուտսկում։ Լեհաստանի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում։

Անցյալ տարվա գարնանը Լեհաստանը հայտարարեց 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին, որոնք, ըստ Վարշավայի, կա՛մ աշխատում են ռուսական հատուկ ծառայություններում, կա՛մ կապված են նրանց հետ։

Ռուսաստանը, ի պատասխան, հայտարարեց, որ արտաքսում է Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան և Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակցի։

Նմանատիպ նյութեր