211652_close_icon
views-count871 դիտում article-date 22:20 23-05-2023

«Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն». «Միասնական հայրենիք»

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի «ձեռքբերումները», որոնք պիտի ամրագրվեն ստորագրվելիք խաղաղության պայմանագրում, մոտեցել են մի հանգրվանի, երբ Արցախն այլևս փրկագին է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս․թ․ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում։ Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Խստորեն դատապարտելով Արցախի ժողովրդի իրավաքաղաքական հավաքական կամքի բեկանման կամ քմահաճ սակարկման որևէ դրսևորում՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․
Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացված փաստն է։ Արցախի ժողովուրդը ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Ուստի, այդ թվում՝ հայկական կողմից բանակցող Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն։

1988թ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և հանուն դրա 1992թ․ պարտադրված պատերազմում որակապես և քանակապես անհավասար պայմաններում Արցախը հմուտ մարտավարությամբ հաջողել է կանոնավոր բանակ ձևավորել, ճեղքել ադրբեջանական շրջափակումը, ստիպել Ադրբեջանին և միջազգային հանրությանը հաշվի նստել իր կամքի հետ։ Հետևապես՝ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում նույն տրամաբանությամբ ինքնակազմակերպվելն ու զուգահեռաբար Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ նախաձեռնելը օրախնդիր անհրաժեշտություն է։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը, ի դեմս հաղթանակած առաջնորդ Սամվել Բաբայանի, վերահաստատում է, որ տեսնում է ինքնորոշման իրավունքի փաստով Արցախն օբյեկտից սուբյեկտի վերափոխելու, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու, արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հիմքերը միջազգայնացնելու հնարավոր նախադրյալներ։ Ըստ այդմ՝ պատրաստակամ է Արցախի համար այս ծայրահեղ ծանր ու ճակատագրական օրերին ստանձնելու պատասխանատվության իր բաժին բեռը։

Արցախը մեր անունն ու պատիվն է, սակայն յուրաքանչյուրիս լուռ համաձայնությամբ այն կարող է դառնալ պատվազուրկ դրոշմ բոլորիս համար։ Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը»։

Նմանատիպ նյութեր