211652_close_icon
views-count18875 դիտում article-date 18:21 18-04-2023

Խոշոր հրդեհ Սևանում հայտնի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում․ հրշեջների ու  պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հրդեհը մեկուսացվել է, ու փրկվել են բազմաթիվ ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ ապացուցեցին, որ համագործակված ծառայությունն իր դրական արդյունքն է տալիս։

Այսօր, ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պատասխանատու Գ․ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի տեխնիկական գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու աշխատակիցները։ Եվ ժամանած հրշեջ-փրկարարներն ու պարեկները «Լավանդա Սիթիի» աշխատակիցների հետ միասին հրդեհի հետագա տարածումը կանխել են, ապա մեկուսացրել հրդեհն ու մարել այն։

Պարզվել է, որ հանգստյան գոտու տարածքում՝ քոթեջային հատվածում, այրվում է 5 հա բուսածածկույթ և եղեգնուտ, մասամբ ջերմահարվել են ծառեր և քոթեջների արտաքին հատվածներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջ-փրկարարները, պարեկներն ու «Լավանդա Սիթիի» աշխատակիցները օպերատիվ և համագործակված չգործեին, կրակը տարածվելու էր ու էլ ավելի մեծ տարածք ընդգրկեր։ 

Լուսանկարները և  տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր