211652_close_icon
views-count23253 դիտում article-date 11:24 08-04-2023

Ապրիլի 7-ը մեր հերոս տղաներին հիշելու ևս մեկ առիթ է․ նահատակված հերոսների ծնողների կազմակերպած հուզիչ ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մի խումբ զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ, երեկ՝ ապրիլի 7-ին,  Երևանում՝ Նկարիչների միությունում, «Մարտիրոս Սարյան»  ցուցասրահում,  կազմակերպվել էր հերոս տղաների նկարների ցուցահանդես: Ցուցադրվում էին զոհված զինծառայողներին պատկերող գեղանկարները: Դրանք ներկայացրել էին ծնողները:

Հերոսածին մայրերի խոսքով, օրը պատահական չեն ընտրել, ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է, ու այդ օրը իրենց որդիներից պետք է ծաղիկներ ու նվերներ ստանային, սակայն հիմա տղաները երկնքից են շնորհավորում իրենց տոնի առթիվ, ու դա է պատճառը, որ ծնողներն իրենց պարտավոր են զգում ամեն «տոն» օրերին տղաների ներկայությունն ապահովել.

«Տղաների շնորհավորանքին, ցավոք, էլ չենք արժանանա, չնայած ամեն ինչ անելու ենք, որ ամեն հիշարժան օր առաջինը հենց իրենք լինեն թեմայի մեջ: Մեր տղաները միշտ պայծառ ձևով մեզ շնորհավորել են, մենք դրանով ապրելու ենք մինչև կյանքներիս վերջ:

Ուզում եմ շնորհավորել բոլոր մայրերին ու քույրերին, տատիկներին, առավել ևս՝ հերոսածին ծնողներին, ցանկանալով ուժ և տոկունություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:

Պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, 168.am-ի հետ զրույցում հիշեց որդու շնորհավորանքը.

«Առավոտ շուտ, քնաթաթախ ննջարանից դուրս էր գալիս, շնորհավորում էր… Անգամ, եթե զուտ սիմվոլիկ մի հատ ծաղիկ էլ ստանում էի Մխիթարից, դա արդեն ինձ համար մի աշխարհ էր: Վերջին ծաղիկները ստացել եմ 2019 թվականի մարտի 8-ին, երբ Մխիթարն արդեն ծառայության մեջ էր… դա վերջինն էր: Հիմա «տոն» օրերին մենք ենք գնում ծաղիկներով իրենց մոտ»:

Ցուցահանդեսին գեղանկարների հեղինակները պարգևատրվեցին մեդալներով, որոնք հանձնեց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Պարգևատրվեց նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 463+
463+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր