211652_close_icon
views-count56669 դիտում article-date 11:40 05-04-2023

Երևանում պարեկները ավտոմեքենայում հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներ ստացած, ինքնազգացողությունը կորցրած վարորդին, նա փրկվել է նրանց ու բժիշկների շնորհիվ․ պարեկների մի խումբ էլ տաք հետքերով հայտնաբերել են կռվի մասնակիցներին

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ Ոստիկանությունն ու Պարեկային Ծառայությունը պարտադիր շրջագայությունններ են իրականանցում ոչ միայն մայրաքաղաքի ու մարզերի գլխավոր փողոցներում, այլև շարունակական է դարձել բակային հատվածներում նրանց ներկայությունը, ինչը դրական արձագանք է ստանում բնակիչների կողմից։  

Այսօր՝ ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները հերթական անգամ ապացուցեցին, որ գիշերային ծառայությունը (շրջագայությունը) իր դրական արդյունքն է տալիս։ 

Նման շրջագայության ժամանակ Երևանի գնդի պարեկները բազմաթիվ հանցագործություններ են կանխել, բազմաթիվ հանցագործների են վնասազերծել ու մեծ թվով անօգնական վիճակում հայտնված քաղաքացիների են օգնության հասել։ 

Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Խաչատուր Խաչատրյանը հերթական շրջագայության ժամանակ Ռիգայի փողոցում նկատում են ամբողջովին վնասված Peugeot մակնիշի ավտոմեքենա։

Այն կասկած է առաջացնում պարեկների մոտ։ Ու նրանք մոտենալով ավտոմեքենային, նկատում են  ղեկի մոտ նստած արնաշաղախ, ինքնազգացողությունը կորցրած քաղաքացու։

Պարեկներ Գ․ Աբգարյանն ու Խ․ Խաչատրյանն անմիջապես իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ դեղորայքի միջոցով օգնություն են ցուցաբերում վիրավորին, օգտագործելով նաև նաշադիր, վիրակապ ու յոդ, ապա ահազանգում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ահազանգը փոխանցում են Երևանի 1-03 շտապօգնություն։ 

Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 14 բրիգադի բժիշկների խումբը անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերում վիրավորին ու նրան տեղափոխում «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ պարզվում է, որ վիրավորը մարմնի տարբեր հատվածներում ունի կտրած-ծակած վերքեր։ Ու եթե ժամանակին նրան օգնություն չցուցաբերվեր, ինչը կատարվել է պարեկների կողմից, ապա հնարավոր է՝ նրա կյանքը փրկել չհաջողվեր։ Ու այդ դեպքում էլ իրենց մասնագիտական հմտություններով փայլել է «Միքայելյան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ 

Վնասված Peugeot-ն, որի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր, տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Տեղում արդեն աշխատող Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը, ով ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, Երևանի  բնակիչ 32-ամյա Էդգար Կուրղինյանն է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի, ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանի և Ռազմիկ Դարբինյանի ճիշտ և գրագետ աշխատանքն իր արդյունքը տվեց։ 

Մինչ բժիշակները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ժամը 01։10-ի սահմնաներում Ա․ Դադոյանը, Գ․ Վարոսյանը, Ռ․ Եղիազարյանն ու Ռ․ Դարբինյանը Կոմիտաս պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում նկատում են մի քանի անձանց, ովքեր բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում ու ցուցաբերում հակահասարակական վարք։

Պարեկները տեղում, ժողովրդի լեզվով ասած՝ «կալմեջ» են անում նրանց։ Ու այդ պահին նկատում են, որ նրանցից մեկի գոտկատեղին սառը զենքին նմանվող առարկաներ կան։ 

Ու խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով նշված անձինք պարեկների կողմից տեղափոխվում են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այդ անձինք մասնակցություն ունեն մոտ 1 ժամ առաջ «Միքայելյան» հիվանդանոց տեղափոխված Է․ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու մեջ։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի բաժին տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Էրիկ Ստեփանյանը, ում մոտ անձնական խուզարկութամբ հայտնաբերվել է գաղտնի փականով 16 սմ ընդհանուր երկարությամբ ծալովի դանակ, 30-ամյա Էդուարդ Երեմյանը, 32-ամյա Սամվել Հայրապետյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Է․  Կուրղինյանի հետ, փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասեցին, ապա կոտրել են Է․ Կուրղինյանի կողմից շահագործվող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ապակիները, որից հետո, ըստ նախնական տեղեկությունների՝ 22-ամյա Գևորգ Եպիսկոպոսյանը, 32-ամյա Վաչե Հարությունյանը իրենց մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկաներով և մահակով հարվածներ են հասցրել Է․ Կուրղինյանի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Գ․ Եպիսկոպոսյանին և Վ․ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր