211652_close_icon
views-count44286 դիտում article-date 17:02 17-03-2023

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ․ քննիչն էլ արդարանում է, թե ինքը կատարում է դատարանի որոշումը․ ո՞վ է փոխհատուցելու խարդախության զոհ դարձած ընտանիքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 16-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Փարաքար գյուղի տներից մեկի մոտ էին հավաքվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչն առգրավեր այնտեղ եղած խոշոր չափի պարարտանյութը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նա, ում տնից որ եկել են էդ ամբողջ պարարտանյութը (սելիտրան) տանեն, խարդախության զոհ է դարձել։ Թե՛ տան տղան, թե՛ նրա ընտանիքի անդամները մեր գյուղի ամենահարգված, քրտինքով ապրող բնակիչներից են։ Մարդն առձեռն գումար է տվել, սելիտրան առել է։ Հիմա դատարանի որոշմամբ՝ Էջմիածնի քննչականը եկել, ասում է՝ պիտի տանենք։ Պատճառաբանում են, թե կա դատարանի որոշում, ու իրենք անզոր ենք այն չկատարելու։  

Բայց դատարանը՝ որ որոշում է կայացրել, արդյո՞ք խորությամբ ուսումնասիրել է դեպքը, թե՞ էնքան որ՝ որոշում է կայացրել։ Ու հիմա էդ որոշման հիման վրա էլ մի քանի ժամ է լարված իրավիճակ է ստեղծվել էստեղ։ 

Մարդը ո՛չ գողություն է արել, ո՛չ անշնորհքություն։ Ապրանքը մի փոքր ցածր գին է ունեցել՝ առել է, որպեսզի մի 2 կոպեկ վաստակի ու իր ընտանիքի գոյությունը պահպանի։ Էդ առած գումարի մեծ մասն էլ իր հաշմանդամ տղայի վրա է ծախսելու։ Ամոթ է, մարդ ինչ աստիճանի անմարդկային վերաբերմունք ցուցաբերի, որ էս ընտանիքին էս օրը գցեն։ 

Ասում են՝ թե գիտեն՝ ով է խարդախություն կատարողը։ Բա որ գիտեք, էլ խի՞ եք եկել էս մարդուն դիվադարար անում։ Ասում են, թե՝ դատավորն ասել է՝ ապրանքը բերեք, դատավճռից հետո, գուցե, այն հետ կվերադարձնենք։ Իսկ մենք գիտենք, թե Հայաստանում, մասնավորապես նաև՝ Գյումրիում ինչքան են տևում դատերը։ Եռամսյակը մեկ Շիրակի մարզում դատավոր են փոխում։ Ու նոր դատավորը մինչև ծանոթանում է գործերին, նրան էլ են տեղափոխում։ Մինչև վճիռ կայացնեք, պարարտանյութը իր պիտանելիությունը կկորցնի։ Արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ ի պահ հանձնեիք ընտանիքին, ինչպես որ ամիսներ առաջ ի պահ էիք հանձնել»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ողջ ապրանքը KamAZ մակնիշի բեռնատարով տեղափոխվեց Գյումրի՝ դատավորի մատնանշած վայր։ Հիմա քաղաքացին չգիտի՝ ում դիմի։ Չէ որ՝ ինքը դարձել է խարդախության զոհ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր