211652_close_icon
views-count3433 դիտում article-date 21:10 08-03-2023

Տնային կալանք՝ «օրենքով գողերի» քրգործով անցնող երկու ամբաստանյալների․ ուշագրավ մանրամասներ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, չնայած քրգործեր քննող դատավորների անընդմեջ փոփոխությանը, շարունակվում է «օրենքով գողերի» դատավարությունը։ Այս գործը 7-8 ամսվա ընթացքում 3 դատավորի ձեռքի տակով է անցել, շուտով կփոխանցվի 4-րդ դատավորին։

Բանն այն է, որ այն սկսել էր քննել մեկ ամիս առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Անի Մարտիրոսյանը, որը նախորդ օրը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով նշանակվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։

Այս կարճ ժամանակահատվածում դատավորը հասցրել է փոխել 2 ամբաստանյալների խափանման միջոցը։ Նրանցից մեկը՝ Էդմոն Գրիգորյանը, թեև մի ընթացք գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նորից կալանավորվել էր։

Անի Մարտիրոսյանի որոշմամբ նրա խափանման միջոցը նորից փոխվել է ու նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու 30 միլիոն դրամ գրավ։ Տնային կալանքը որպես խափանման միջոց նորություն է․ ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, այս դեպքում ամբաստանյալը չի կարող տանից դուրս գալ, հյուրեր ընդունել, նամակագրություն ունենալ կամ հեռախոսազանգեր կատարել։ 

Խափանման այս միջոցը կիրառված է երկու ամիս ժամանակով։ Անի Մարտիրոսյանի որոշմամբ փոխվել է նաև ամբաստանյալներից մեկի՝ Ցոլակ Գևորգյանի՝ «Տեքստիլի Ցոլոյի» խափանման միջոցը, նրան ևս ազատ են արձակել տնային կալանքով, ինչպես նաև 35 միլիոն դրամ գրավով։ Վերջինս որոշակի առողջական խնդիրներ ունի։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են ութ ամբաստանյալներ, այդ թվում հայտնի գործարար։ Գլխավոր մեղադրյալը, ըստ քրգործի, օրենքով գող Սուրեն Ավետիսյանն է, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով այն բանի համար, որ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ՝ ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ու անդամներին այնպիսի հանձնարարություններ է տվել, որոնք հակասում են պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին։

Չնայած առողջական վիճակի վատթարացմանը, դատական բոլոր ատյանները՝ թե՛ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, թե՛ ՀՀ Վերաքննիչ քրեական ու Վճռաբեկ դատարանները մերժել են Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանավայրում գտնվելուն։ Վերջինս տառապում է ծանր դիաբետով, զարկերակային գերճնշմամբ, քրեակատարողական հիմնարկ ոտք դնելուն պես՝ ջերմությունը չի իջնում 37,6-ից։ Նրան պարբերաբար տեղափոխում են հիվանդանոց, որտեղից դուրս գրելիս բժիշկները էպիկրիզում չեն գրում «վիճակը՝ բավարար», գրում են՝ հարաբերական բավարար։ Նրա վիճակը գնալով ծանրանում է։

Նրա պաշտպանները դիմել են ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարան։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան չունենալը ևս ազդում է այս գործի վրա։ Նրան առաջադրված մեղադրանքում ընթերցում ենք․ «Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի է դարձել որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսացել քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ։

Նա գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին։

Նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալն է։

2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը»։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։ Ըստ հարուցված քրգործի՝ 4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին (գործարար Իգիթի Ռոյին․ նա, ի դեպ, Սուրեն Ավետիսյանի հոր ընկերն է, հեղ․) և Ցոլակ Գևորգյանին։

Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։ Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։

Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։ Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին»։

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։

Նունե Արևշատյան
 

Նմանատիպ նյութեր