211652_close_icon
views-count18275 դիտում article-date 10:43 04-03-2023

Ավտովթար-հրդեհ Երևանում․ բախվել են Ford Fusion-ն ու Opel-ը․ Opel-ում հրդեհ է առաջացել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված վայրում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Խաչատրյանի վարած Ford Fusion մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Եվ վթարը տեղի է ունեցել Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում։ Հրդեհը բռնկվել է Opel-ում։ Եվ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են քաղաքացիները։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել պարեկներ Գոռ Պետրոսյանն ու Դավիթ Ղազարյանը։

Վթարի հետևանքով 1 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր