211652_close_icon
views-count922 դիտում article-date 21:02 15-02-2023

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլենիուսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

Ընդգծելով համատեղ բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ՀԲ-ն միջազգային վստահելի գործընկեր է՝ Հայաստանում փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերին:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության դերը` այն դիտարկելով ռազմավարական առաջնահերթ ուղղություն` պետության մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Նշվել է, որ արդեն ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», հաջորդաբար կընդունվի ծրագրի իրագործման միջոցառումների պլանը, որի համատեքստում ևս ակնկալվում է ՀԲ փորձագիտական աջակցությունը։

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ որակյալ ու մրցունակ կրթության ապահովումն իրենց հիմնական և կարևորագույն առաջնահերթություններից է: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը:

Կողմերը քննարկել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության արդիականացման, բուհերի միջազգայնացման, կրթության ոլորտի օրենսդրության լավարկմանն առնչվող մի շարք հարցեր: Հստակեցվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակը:

Նմանատիպ նյութեր