211652_close_icon
views-count916 դիտում article-date 18:40 19-11-2024

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը նախ շնորհավորել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի առթիվ և նշել, որ հատկապես COP17 համաժողովը Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալելու համատեքստում չափազանց կարևոր են ծրագրի բաղադրիչները, որոնք ուղղված են կենսաբազմազանության վերականգնմանն ու էկոհամակարգերի պահպանությանը։

Տիկին Գեգինատն իր հերթին շնորհավորել է ոլորտի խոշորագույն համաժողովներից մեկը Հայաստանում հյուրընկալելու առթիվ և հաջողություն մաղթել Շրջակա միջավայրի նախարարությանը պատասխանատու առաքելության մեջ։

Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի միջև առկա է արդյունավետ համագործակցության նշանակալի փորձ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրին»։ Ծրագիրն ունի հստակ և գործուն նպատակներ, որոնք ուղղված են ոչ միայն պետության առջև ծառացած բնապահպանական առաջնահերթ խնդիրների լուծմանը, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ապահովմանը։

Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա քիմիական թափոնների վնասազերծման հնարավոր աշխատանքները, անդրադարձ է կատարվել երկրում վտանգավոր թափոնների կառավարման հիմնախնդիրներին. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն այս ուղղությամբ ևս ակտիվ համագործակցելու նպատակով։

Նմանատիպ նյութեր