211652_close_icon
views-count4835 դիտում article-date 22:20 05-03-2018

ՀՀ ֆինանսների նախարարի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ

Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդանի Արամյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատաժողով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների վերաբերյալ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկին և այն թիմին, որը մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետությանը նմանատիպ բարեփոխումների իրականացման գործում: «Այս աշխատաժողովը և նմանատիպ հարթակները կարևոր են մեզ համար: Մենք կարողանում ենք մտքերի փոխանակում իրականացնել, ներկայացնել, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպիսի մարտահրավերներ կան, և թե Համաշխարհային բանկի հետ մենք ինչ ընդհանուր տեսլականներ ունենք»-ասել է Արամյանը: Նախարարն ընդգծել է, որ 2017 թվականից հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտը ՀՀ կառավարության և հատկապես ֆինանսների նախարարության կողմից գերակա խնդիր է համարվել, և կառավարությունը, թիրախավորելով մասնավորապես արտահանելի հատվածը, մշտապես աջակցում է այն ընկերություններին, որոնք ցանկանում են դառնալ առավել մրցունակ և դուրս գալ համաշխարհային հարթակներ: Վարդան Արամյանը մատնանշել է նաև ոլորտի բարեփոխումների՝ միջազգային պահանջներին համապատասխան հիմնական ուղղությունները. թարմացված, արդիական, համաշխարհային ստանդարտներին համապատասխան օրեսդրությունը, աուդիտի ոլորտում կրթական համակարգի բարելավումը, միջազգային չափանիշներին համահունչ որակավորման համակարգերի առկայությունը: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի խոսքով` նման միջոցառումներն օգնում են համալրել մասնակիցների գիտելիքները աուդիտորական գործունեության ոլորտում հանրային վերահսկողության դերի և աշխատակարգերի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ միջազգային փորձին և աուդիտի ոլորտում մասնագիտացված հաշվապահական կազմակերպությունների գործունեությանը: «Մենք պատրաստ ենք աջակցել իրազեկման արշավի իրականացմանը, որի արդյունքում երկխոսություն կձևավորվի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի միջև` պայմանավորված հաշվապահական հաշվառման, աուդիտի և հանրային վերահսկողության մասին նոր օրենքի ընդունմամբ»,-ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ նման հարթակները լավ հնարավորություն են ընձեռում մասնագիտական քննարկման արդյունքում վերհանել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձ է արվում ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում Եվրամիության դիրեկտիվին և եվրոպական չափանիշներին համահունչ, մրցունակ, ֆինանսական պատշաճ կառավարմամբ հաշվետվողական համակարգեր: Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը, միջազգային խորհրդատու, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ջոն Հուպերը: Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև թեմատիկ քննարկում Հայաստանի տնտեսական զարգացման գործում ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի դերի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր