211652_close_icon
views-count852 դիտում article-date 19:38 28-12-2022

Կառավարությունը անհապաղ պետք է հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները. Բրյուսովի համալասրանի գիտխորհուրդ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ։

Ձեզ ենք ներկայացնում հայտարարության տեքստի ամբողջական տարբերակը․

«Մենք՝ գիտական խորհրդի անդամներս, զարմանքով ու զայրույթով կարդացինք ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը առ այն, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԲՊՀ) ռեկտորի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Զարմանքով ու զայրույթով, որովհետև դժվար էր պատկերացնել, որ պետական մարմինները և իրավապահ կառույցները կդիմեն ցանկացած քայլի՝ ստվեր գցելու ռեկտորի ընտրության գործընթացի վրա: Նախ՝ ընտրության հաջորդ աշխատանքային օրը առանց որևէ պաշտոնական մեկնաբանության աշխատանքից ազատվեցին ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Մամուլի մեկնաբանությունը միանշանակ էր. ընտրությունում 12 կողմ ձայնով հաղթել էր համալսարանի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, մինչդեռ, ինչպես պարզ դարձավ, Կառավարության ցանկությունն այլ էր: Համալսարանի հրապարակած տեսանյութը՝ ռեկտորի ընտրության նպատակով հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստի վերաբերյալ, ակնհայտորեն վկայում է, որ նիստն ընթացել է առանց որևէ միջադեպի և միջամտության, հանգիստ մթնոլորտում: Հաշվիչ հանձնաժողովը ղեկավարել է ԿԳՄՍ նախարար (այդ պահին՝ նախարարի տեղակալ) Ժաննա Անդրեասյանը: Նա հրապարակել է քվեարկության արդյունքները և հայտարարել, որ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է քվեարկության արդյունքները: Ժաննա Անդրեասյանը և հաշվիչ հանձնաժողովի մյուս անդամները ստորագրել են նաև քվեարկության արդյունքները հաստատող արձանագրությունը: Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 10-ը ներկայացված են հիմնադրի և լիազոր մարմնի կողմից: Նրանցից որևէ մեկը նիստի ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ առարկություն չի ունեցել: Այդ ամենը տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի 2 տասնյակ անդամների ներկայությամբ:

Ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար: Մասնավորապես՝ նախկին փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը, որը դեռևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրսևորում է անգործություն՝ հրաժարվելով ստորագրել հոգաբարձուների խորհրդի որոշումը և արձանագրությունը, իսկ ընտրությունից երկու շաբաթ անց հորինվել է հաղորդում՝ ինչ-որ անհասկանալի «կեղծիքների» վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ:

ԲՊՀ գիտական խորհուրդը կարծում է, որ Կառավարությունը անհապաղ պետք է հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները՝ համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարելու համար:

ԲՊՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են վճռականորեն պաշտպանելու գիտակրթական անխափան գործընթաց ունենալու իրենց իրավունքը»:

Նմանատիպ նյութեր