211652_close_icon
views-count1370 դիտում article-date 10:08 09-12-2022

Պադավատապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը: Հոկտեմբերի 19-ին պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր է 200 ավտոմեքենա գնել ու թարմացնել պետական ավտոպարկը: Եվ չնայած տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը շատ կտրուկ էր արտահայտվում, սակայն այս հարցում հեղափոխական քայլեր չեն արվել, եւ պետական ապարատում ավտոմեքենաների թիվը կրկին մեծ է: 2023 թվականի բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ կան գերատեսչություններ, որտեղ ծառայողական մեքենաների թիվն ավելանալու է: Եթե այս տարվա՝ 2022-ի դրությամբ ծառայողական մեքենաների թիվը պետական մարմիններում 933 է, ապա 2023-ին այն կավելանա 6-ով՝ կազմելով 939։

Կրկին ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը հակադրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, եւ չնայած նախկինում նա եւ նրա թիմակիցները դեմ էին արտահայտվում «պադավատներին», սակայն հիմա ոչ միայն չեն կրճատում ավտոպարկը, այլ ձգտում են բարձրարժեք եւ նոր մեքենաներով համալրել այն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր