211652_close_icon
views-count347 դիտում article-date 11:13 24-11-2022

Ռուսաստանի նշանակությունը հետխորհրդային տարածքում այժմ շատ փոքր է․ «Ամերիկայի ձայն»

Ղազախստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ էլ մեծ նշանակություն են ունեցել: Սակայն, փորձագետների կարծիքով, կողմերի միջեւ համերաշխությունը, որը գոյություն ուներ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի օրոք, այլևս սպառվել է: Կրեմլին նկատելիորեն զայրացնում է Աստանայի ընդգծված «սառը» դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արեւելքում անցկացված հանրաքվեները քննադատելու քաղաքականությունը:

Սկզբունքորեն, Աստանայի և Մոսկվայի միջեւ հարաբերություններում լուրջ առաջընթաց չպետք է լինի, «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է քաղաքագետ Արկադի Դուբնովը։ Նրա կարծիքով, այստեղ ամեն ինչ «երերուն է ու ոչ այնքան կայուն»։

«Կարծում եմ, որ Մոսկվան առաջին հերթին հոգ կտանի Աստանայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների առումով և Եվրասիական միության շրջանակներում համագործակցության ակտիվացման համար։ Այստեղ սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա։ Որովհետեւ եվրասիական տարածքում ամեն ինչի քաոսային վիճակի պայմաններում ԱՊՀ-ի շատ գործընկերներ ուղիներ են փնտրում՝ արեւմտյան երկրորդական պատժամիջոցներից խուսափելու եւ միաժամանակ` Ռուսաստանի հետ համագործակցություն հաստատելու համար», ասում է նա։

Նրա խոսքերով, Մոսկվան պետք է շատ ջանասիրաբար ընդհանուր լեզու գտնի, որովհետև եթե Ռուսաստանից հեռու մնալու Ղազախստանի սկսած գործընթացը շարունակվի, ապա այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: «Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքում Ղազախստանը զիջում է միայն Ուկրաինային։ Բայց քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները հիմնականում թունավոր են դառնում նաև տնտեսական առումով, նշանակում է երկու կողմից էլ կա մեծ աշխատանք կատարելու կարիք»:

Այստեղ պետք է նշել նաեւ, որ Մոսկվայի կողմից իրականացված բազմաթիվ քայլեր, որոնք արվել են Աստանային «զսպելու» նպատակով, այդ թվում շանտաժի կիրառումը, ի վերջո, ունեցել են բումերանգի ազդեցություն` հարվածելով հենց Ռուսատանին: Վերլուծաբանի խոսքերով, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ղազախստանի պատասխանը եղել է շատ գործնական՝ «ոչ սկանդալային, բայց շատ կոնկրետ». Փաստորեն, այս մոտեցումն է հեռացնում Աստանան Մոսկվայից։

Բացի այդ, երկու երկրների միջպետական հարաբերություններում պոտենցիալ պայթյունավտանգ թեմա է մնում հյուսիսային Ղազախստանի տարածքների խնդիրը, որոնք ռուսական ծայրահեղ աջ շրջանակներում կոչվում են «ի սկզբանե ռուսական», ամփոփում է Արկադի Դուբնովը։

Ռուսաստանի և Ղազախստանի միջեւ հարաբերություններն ավելի ու ավելի են սրվում, իր հերթին կարծում է քաղաքագետ Բորիս Կագարլիցկին, որը Ռուսաստանի արդարադատության նախարարության որոշմամբ ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ: Նրա խոսքով, դա տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ Տոկաեւը փորձում է հեռանալ Մոսկվայից, այլ նաեւ այն, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերը ենթարկվում են փոփոխության։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, Ղազախստանը, ինչպես տարածաշրջանի երկրների մեծ մասը, չեզոք դիրք է գրավու: Սա արդեն վճռորոշ գործոն է Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ հարաբերություններում, ասում է Կագարլիցկին։

«Դրա պատճառով Պուտինն է, ում քունը կարող է չտանել: Իսկ Տոկաեւին կարծես ավելի շատ այլ հարցեր են հուզում», ասում է նա ու, միտքը շարունակելով, ասում, որ «Ռուսաստանի նշանակությունը հետխորհրդային տարածքում այժմ շատ փոքր է»։

Մոսկվայի հիմնական խնդիրն այն է, որ նրա կապերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ թուլանում են, քանի որ թուլանում է ռուսական տնտեսությունը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է տեխնոլոգիական բնագավառին, ինչը, վերլուծաբանների խոսքերով, անշրջելի գործընթաց է:

Իհարկե, իներցիոն կապերը պահպանվում են, եւ դեռ երկար ժամանակ էլ կշարունակվեն, սակայն դրանք այլեւս չունեն քաղաքականության վրա ազդեցություն գործելու ո՛չ կարողություն, ո՛չ էլ ունակություն: