211652_close_icon

Հետխորհրդային տարածքում հեղափոխություն չի լինի, բայց Կրեմլում շարունակում են դրանից վախենալ. «Առավոտ»

views-count4403 դիտում article-date 10:41 28-02-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս վրացական ռուսալեզու կայքերից մեկում աչքովս ընկավ մի հրապարակում, որի վերնագիրն էր՝ «Ամերիկացի հետախույզները դիվանագետների անվան տակ բարեխղճորեն իրենց աշխատանքն են կատարում Վրաստանում և Հայաստանում»: Հարցազրույց տվողը Առնո Խիդիրբեգիշվիլին է, որը, որքան հասկանում եմ, այդ կայքի խմբագիրն է: Ամբողջ հարցազրույցը վերարտադրելու կարիքը, թերևս, չկա՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում նույնպես կան ռուսալեզու և ոչ միայն ռուսալեզու լրատվամիջոցներ, որոնք ժամանակ առ ժամանակ «բացահայտում են» ամերիկյան լրտեսներին, գրանտակերներին, «5-րդ շարասյունը» և «ազդեցության գործակալներին», որոնք իրականացնում են թշնամու (այսինքն՝ Արևմուտքի) դավադիր ծրագրերը: Այնպես որ, այդ մոտեցումները մեզ ծանոթ են: Այդ հրապարակման մեջ հետաքրքիր է, որ հեղինակը խոսում է ոչ թե իր, այլ հարևան երկրի մասին, և խոսում է վստահության և անսխալականության մեծ պաշարով: Պատասխանելով լրագրողի հարցին` նա համոզմունք է հայտնում, որ Հայաստանում գործող հայտնի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները (նաև «Առավոտը») ամերիկյան լրտեսներ են և աշխատում են Հայաստանում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու ուղղությամբ: Եվ նույնիսկ այդ անհեթեթ մեղադրանքին չէի անդրադառնա, եթե չկրկնվեր ռուսաստանյան քարոզիչների բանաձևը «գունավոր հեղափոխության» մասին: Անձամբ ես դեմ եմ, որ Հայաստանում տեղի ունենա «գունավոր» կամ թեկուզ «սև-սպիտակ» հեղափոխություն, և բազմիցս գրել եմ, թե ինչու: Բայց տվյալ դեպքում առավել կարևորն այն է, որ թեման այլևս արդիական չէ, և ես չեմ հասկանում, թե ինչու են Կրեմլում շարունակում դրանից վախենալ: Հետխորհրդային տարածքում այլևս հեղափոխություն չի լինի, և ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը շատ հզոր է և դա թույլ չի տա, այլ որովհետև ժողովուրդները տեսել են այդ հեղափոխությունների «քյարը»: Սաակաշվիլին մի քանի շաբաթ վազվզեց Կիևի փողոցներում, ի՞նչ է, նրան միացան հարյուր հազարավոր քաղաքացինե՞ր: Ոչ, որովհետև ուկրաինացի ժողովուրդը այդ ճանապարհով երկու անգամ անցել է ու մոտ ժամանակներս չի գայթակղվի: Նույնը կարելի է ասել մեր և մեր «բախտակից» մյուս ազգերի մասին: Ինձ թվում է՝ Ռուսաստանի համապատասխան «ուղեղային կենտրոններում» ուժեղ է իներցիոն մտածողությունը, այնտեղ հետ են ընկել կյանքից և մտածում են առնվազն 10 տարվա հնության «կարծրատիպերով»: Եվ որքան շուտ ձերբազատվեն այդ «ժամկետանց վախերից», այնքան լավ թե՛ Ռուսաստանի և թե՛ մեր հարաբերությունների համար: Ինչ մնում է հ/կ-ներին և լրատվամիջոցներին, ապա, այո, դրանք քննադատում են իշխանություններին: Դա նրանց պարտականությունն է»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր