211652_close_icon
views-count1549 դիտում article-date 10:57 19-11-2022

Աննպատակ տվայտանքների անխուսափելի հետևանքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ժողովուրդը, որն Աստծո մասին սխալ պատկերացում ունի, ունի նաեւ պետական սխալ կարգ: Ցանկացած ժողովուրդ ունի այն կարգը, որն իրեն սազում է, իրեն հարմար է: Ժողովուրդը վատն է, եթե վատն է կառավարությունը»: Այս խոսքերը պատկանում են գերմանացի փիլիսոփա Հեգելին: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «ունի այն իշխանությունը, որին նա արժանի է», ինչպես սովորաբար մեջբերում են ուրիշ փիլիսոփաների մտքերը, այլ՝ «այն կարգը, որն իրեն սազում է» («passt zu ihm»): Եվ ավելին՝ Հեգելն ամենեւին էլ հակված չէ մեղքը ժողովրդի վրա գցելուն: Հակառակը՝ ժողովուրդը վատն է այնքանով, որքանով վատն է կառավարությունը:

Եթե առաջ ժողովրդի ներկայացուցիչները քվեարկում էին կաշառքի դիմաց, դա խոսում էր ոչ թե նրա՛նց այլասերվածության եւ անբարոյականության մասին, այլ նման մեխանիզմ, նման կարգ ստեղծողների՛ նշված հատկանիշների մասին: Եթե այսօր այդ նույն ժողովրդի մեծամասնությանը չի հետաքրքրում, թե ինչ է լինելու մի քանի տասնյակ հազար իր հայրենակիցների հետ Արցախում, ապա դարձյալ՝ պետք չէ շտապել մեղադրել այդ մեծամասնությանը: Նրանք այդպիսի ուղերձ, այդպիսի ուղղորդում են ստանում իշխանությունից: Ընդ որում, տվյալ դեպքում՝ այն իշխանությունից, որն ունի լիակատար լեգիտիմություն: Պետական այն կարգը, որն այսօր գոյություն ունի, ձեռնտու, հարմար է ժողովրդին: Իսկ թե ով ինչի է արժանի՝ Աստված գիտի:

Երբ Հեգելը խոսում է Աստծո մասին, նա, որքան հասկանում եմ, նկատի ունի ծրագիր, նպատակ, օրինաչափություն կամ, եթե դարձյալ այդ բառը կրկնենք՝ կարգ: Այդ առումով, մենք՝ հայաստանցիներս, ինձ թվում է, մոլորված ենք: Ովքե՞ր պետք է ցույց տան ուղղությունը, ո՞ր հարթակներում պետք է այն ձեւավորվի: Ինձ թվում է՝ այն հարթակներում, որտեղ հավաքվում են որոշակի մտավոր մակարդակ, որոշակի գիտելիք ունեցող մարդիկ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունն իր իրական եւ վիրտուալ քարոզիչների միջոցով պատերազմ է հայտարարել այդ մարդկանց, ինչպես որ հայտարարել է հոգեւորականներին, սփյուռքին, գեներալներին, բուհերին եւ այլն:

Այդ ամենն՝ իր հանրագումարով, ձեւավորում է հենց այն, ինչ գերմանացի փիլիսոփան անվանում է «սխալ պատկերացում Աստծո մասին»: Հասկանում եմ, որ այն, ինչ ես հիմա գրում եմ, շատերը կհամարեն կյանքից կտրված եւ վերացական, բայց իրականում խնդիրների պատճառով մեր պետությունը լուրջ վտանգի առաջ է կանգնել: Եվ խոսքը ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է: Խոսքը անիմաստ, աննպատակ տվայտանքներին հետեւող «կարգուկանոնի» մասին է, երբ սոցիալական պոպուլիզմի իշխանությանը («հարուստներից խլենք, աղքատներին բաժանենք») կհետեւի ազգայնական պոպուլիզմի իշխանությունը («մտնենք Սասուն, իջնենք Վան»): Հիշենք, թե ինչ ավարտ ունեցավ Վայմարյան հանրապետությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր