211652_close_icon
views-count2101 դիտում article-date 19:00 18-09-2015

Աննպատակ, իզուր ու անիմաստ տառապանքների միջով

Կարծիք կա, թե վեր բարձրանալու, ցատկելու համար նախ պետք է իջնես, գետնին հասնես, հրվես ու վեր բարձրանաս, ցատկես: Սա խորհրդանշում է, որ մարդ պետք է ճանաչի գետնին ապրողների ստորությունը, մերժի մինչև վերջ: Դրանից հետո վեր բարձրանալու, բարձր դիրքի հավակնելու ընթացքում չի վախենա ընկնելուց, որովհետև գետնի վրա եղած վտանգները արդեն լիարժեք ճանաչել և հաղթահարել է: Բոլիվարին սկզբում քննադատում էին, համարում անպատրաստ ռազմական մեծ գործողությունների համար: Սակայն նա տանելով մոտ 400 հաղթանակ, ապացուցեց հակառակը, և դարձավ 19-րդ դարի ռազմական մեծ գործիչներից մեկը: Հատկապես շատ են ուսումնասիրվել նրա արշավները Անդերի վրայով (Կոդիլիերների լեռնաշղթայի շարունակությունը Հվ. Ամերիկայում): Դրանք ինչ-որ առումով կրկնում են Հանիբալի անցումը Ալպերի վրայով: Ինչպես Հանիբալի, այնպես և Բոլիվարի արշավները համարվում են ռազմական մանևր: Սակայն մշակութային տեսանկյունից դրանք համեմատվում են Մովսեսի առաջնորդությամբ անապատով ացնելու հետ, որովհետև այդ բոլոր արշավների ժամանակ մեծ գաղափարներ են ծնվել: Կարծիք կա, թե լեռնային արշավի ժամանակ Բոլիվարի զինվորները դժվարություններ հաղթահարելով, ազատվել են վախերից, կասկածներից, ինչպես նաև՝ ներշնչվել են հավատով, որ Աստված իրենց կողքին է, և հաղթանակն իրենցն է լինելու: Իսպանացիները թերագնահատեցին Բոլիվարին, կարծեցին, թե Բոլիվարը լեռներում կկորցնի զորքի մեծ մասը, իսկ ողջ մնացածներն այնքան կհոգնեն ու կտանջվեն, որ չեն կարողանա կռվել: Սակայն այդ հաշվարկները մասամբ սխալ դուրս եկան: Եվ Բոլիվարի բանակը հաղթահարելով լեռնային արշավի բոլոր դժվարությունները, մեծ ուժով հարձակվեց Կարակասի վրա և գլխովին ջախջախեց իսպանացիներին: Կան մարդիկ, որոնք ներկա սոցիալ-տնտեսական դժվարությունները համեմատում են Բոլիվարի լեռնային արշավի հետ: Իբր հայ ժողովրդին բաժին հասած սոցիալական-տնտեսական դժվարությունները կոփում են, մոտեցնում Աստծուն, ամրացնում կամքը, դարձնում ավելի դիմացկուն, ուժեղ: Սակայն այս համեմատությունների մեջ բաց է թողնվում մի կարևոր հանգամանք: Բոլիվարի, Հանիբալի կամ Մովսեսի արշավներն ունեին կոնկրետ նպատակ և թիրախ: Առաջնորդները հստակ գիտեին, իսկ նրանց հետևորդները հավատում էին, թե ուր են գնում, ինչի համար և ինչ են գտնելու կամ անելու արշավի վերջում: Բոլիվարի գաղափարները մինչև այսօր առաջնորդում են Հարավային և Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդներին: Մեր դեպքում նպատակի կամ թիրախի, այլ կերպ ասած՝ գաղափարի բացակայությունն ակնհայտ է: Չկա ոչ հակառակորդ, ոչ ավետյաց երկիր, ոչ էլ նոր որակի պետություն կառուցելու իդեալ-երազանք: Այս արժեքային անորոշությունը այն բացն է, որ թույլ չի տալիս մեր չարչարանքները համեմատել Բոլիվարի կամ Հանիբալի ռազմական արշավների, առավել ևս Մովսեսի անապատով անցնելու օրինակի հետ: Պարզ ասած մեր տառապանքներն իզուր են, անպատակ, անիմաստ: Եվ գետնին հավասարվածները վեր բարձրանալու, առավել ևս՝ թռիչքի մասին չեն էլ մտածում, այլ մի կերպ գոյատևելու: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր