211652_close_icon
views-count738 դիտում article-date 23:22 17-11-2022

Իշխան Զաքարյանը ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինին խնդրել է բազմաբովանդակ աջակցություն ցուցաբերել Համահայկական ամառային խաղերի կազմակերպման գործին


Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նոյեմբերի 13-ի Մոսկվայում է, որտեղ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության մարզական ղեկավարների հետ, մասնավորապես՝ ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինի, Օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովի, Մոսկվայի կառավարության սպորտի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կոնդարանցևի, Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մարզական ֆեդերացիանեի ղեկավարներ Միխայիլ Մամիաշվիլու, Օլեգ Սալնիկովի, Ելենա Վիալբեյի, Յուրի Բորզակովսկու և Շամիլ Տարպիշևի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Իշխան Զաքարյանը ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինին խնդրել է բազմաբովանդակ աջակցություն ցուցաբերել Համահայկական ամառային խաղերի կազմակերպման գործին:

Նախարար Օլեգ Մատիցինը և սպորտի մյուս ղեկավարները սիրով ընդունել են օգոստոսին խաղերի բացման արարողությանը մասնակցելու հրավերը:

Իշխան Զաքարյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է ՌԴ սպորտի նախարարության և օլիմպիական կոմիտեի հովանավորությամբ կազմակերպված Ռուսաստանի մարզիկների միության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Մոսկովյան այցի ընթացքում Իշխան Զաքարյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը մանրամասն քննարկել են համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ՌԴ տարբեր քաղաքներում ներկայացուցիչներ ունենալու, տեղերում գործող հայկական համայնքներին ակտիվորեն ներգրավելու և այլ խնդիրներ:

Որոշվել է ՌԴ քաղաքներում որպես Համահայկական խաղերի կազմակերպման համակարգող համաշխարհային կոմիտեի հաստատմանը ներկայացնել պատվավոր հյուպատոս Աբրահամ Հովեյանի թեկնածությունը: Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում Իշխան Զաքարյանը Մոսկվայից կմեկնի Բելառուսի Հանրապետություն, որտեղ նոյեմբերի 17-19-ը կունենա մի շարք հանդիպումներ:

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսին Հայաստանում կայանալու են համահայկական ամառային 8-րդ խաղերը: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է կառավարական կազմկոմիտե՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: