211652_close_icon
views-count4492 դիտում article-date 14:44 24-10-2022

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, տեսանելի կլինի նաև Հայաստանից

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։

Բյուրականի աստղադիտարանը հայտնում է, որ արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։

Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե։

Նշենք, որ Լուսնի ստվերը Արեգակը կփակի ոչ թե ամբողջովին, այլ մասնակի՝ ծածկելով աստղի սկավառակի միայն մի մասը։ Սրանով կբացվի խավարումների միջանցք, որոնց կհաջորդի Լուսնի խավարումը նոյեմբերի 8-ին։

Խավարմանը կարելի է հետեւել Եվրոպայի տարածքում, Աֆրիկայի հյուսիսում եւ Կենտրոնական Ասիայում։ Երեւույթն առավելագույն տեսանելի կլինի Ռուսաստանի տարածքում, այնտեղ Լուսինը կփակի Արեգակի սկավառակի 82 տոկոսը, Եվրոպայի արեւմուտքում կծածկվի աստղի ընդամենը 15-30 տոկոսը։

Արժե նշել, որ Արեգակի խավարումը պետք է դիտել սարքի միջոցով, որն ունի հատուկ ֆիլտրեր, հեռադիտակների եւ խցիկների համար նույնպես անհրաժեշտ են հատուկ ֆիլտրեր։ Առանց դրանց Արեգակի խավարումը դիտելը կարող է վատացնել տեսողությունը եւ անգամ կուրության հանգեցնել։