211652_close_icon
views-count1372 դիտում article-date 10:41 05-10-2022

Ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դուք այն կամուրջն եք, որը պետք է ապահովի սերունդների միջև գիտելիքի, դաստիարակության, մարդկային առաքինության և քաղաքացիական գիտակցության անխաթար կապը:

Որևէ ժամանակաշրջանում կամ որևէ հասարակության մեջ անհնար է գերագնահատել ուսուցչի դերը հանրային գիտակցության ձևավորման, կրթության ու զարգացման գործում, քանզի ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում, շարունակական ջանք ու կատարելագործում:

Ձեզանից, ձեր պատասխանատու աշխատանքից է մեծապես կախված, թե ինչպիսի Հայաստան և ինչպիսի հասարակություն կունենանք վաղը, որովհետև դուք միայն տեղեկության փոխանցման պարզունակ գործընթացի մասնակից կամ իրականացնողը չեք, այլ գիտակից ու ազատ քաղաքացու կերտողը, գիտելիքով զինված սերունդների դաստիարակողն ու դրանով իսկ բարեկեցիկ ու զարգացող Հայաստանի լինելիության երաշխավորը:

Այսօր, մեր երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանում բազմակի անգամ մեծ պատասխանատվություն է դրված ձեր ուսերին, որովհետև այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք լինել ուժեղ՝ մտքով, գիտելիքով և կրթությամբ և դուք՝ այդ ամենը փոխանցելու ձեր կարողությամբ և հմտությամբ, մեր զավակների, թոռների ու սերունդների բարեկեցության, անվտանգության, մեր երկրի հզորության կերտողն եք:

Սիրելի ուսուցիչներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում տոկունություն, աշխատանքային շարունակական հաջողություններ ու անձնական երջանկություն»:

Նմանատիպ նյութեր