211652_close_icon
views-count1115 դիտում article-date 23:03 03-10-2022

Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Արմեն Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»-ին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում: Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսին ներկայացնելով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած իր այցի նպատակները:

«Ես այստեղ եմ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները: Հնարավոր համագործակցության ոլորտները ներառում են անվտանգությունը, էներգետիկան, դիվանագիտությունը և տնտեսական հարաբերությունները: Հարաբերությունների հիմքում լինելու է «ժողովրդավարությունն ամրապնդում է ժողովրդավարությունը» սկզբունքը», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը իր հերթին հավելում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո Երևան կատարած այցը դարձավ կատալիզատոր ԱՄՆ-Երևան հարաբերությունների բարելավման համար:

Թե  արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնումը կտարածվի նաև ռազմական համագործակցության վրա՝ ըստ Դեյվիդ Իգնատիուսի, առայժմ մնում է անորոշ: Ամեն դեպքում հեղինակը հիշեցնում է, որ սեպտեմբերին Պենտագոն էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հայաստանի զինված ուժերը, որոնք Ադրբեջանի հետ վերջին պատերազմում ծանր պարտություն կրեցին, ավելի լավ մարտական պատրաստության և սպառազինության կարիք ունեն: Բայց առայժմ Միացյալ Նահանգների կողմից ռազմական աջակցության տեսանելի նշաններ չկան», - գրում է սյունակագիրը:

Իգնատիուսի խոսքով՝ քանի որ «ուկրաինական ճահճի» մեջ խորանալու պատճառով Ռուսաստանը գնալով կորցնում է Հայաստանի և Ադրբեջանի տևական հակամարտությունը կարգավորելու իր ռազմական և դիվանագիտական կարողությունները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է լրացնել դատարկ տարածությունը՝ միջնորդական ակտիվ ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ: Դրանցից մեկը Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն էր, որը Սալիվանը բնութագրել էր իբրև «անմիջական և կառուցողական բանակցություններ»:

Ըստ Դեյվիդ Իգնատիուսի՝ Հայաստանի մյուս հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում նույնպես փոփոխության թույլ շողեր են առկայծում: Իգնատիուսը հիշեցնում է, որ Անկարան շարունակում է ժխտել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ Հայոց պատմության ամենաողբերգական իրադարձությունը: Սակայն Արմեն Գրիգորյանն ասել է, որ «նորմալացման» գործընթացը Երևանի և Անկարայի միջև սկսվել է, և կողմերը սկզբունքորեն համաձայնության են հասել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու սկզբունքների շուրջ:

«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է՝ շուտ»,- ասել է Գրիգորյանը:

«Բայց, ինչպես միշտ, նման դիվանագիտական խաղերում սատանան մանրուքների մեջ է»,- որպես վերջաբան հավելել է Դեյվիդ Իգնատիուսը:

Նմանատիպ նյութեր