211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. վիրավորին առաջինը օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ» ընկերության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3062 դիտում article-date 10:23 13-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս ընթանալիս՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին՝ «Դեֆանս հաուզինգ» նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, ապա կոտրել ժամանակավորապես տեղադրված ալյումինե պարիսպը, երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Դեֆանս հաուզինգ» ընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր մինչև շտապօգնության ժամանումը իրենց մոտ եղած բժշկական դեղատուփի միջից օգտագործելով անհրաժեշտ պարագաներ, օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Սադաֆյանն ու Վոլոդյա Թադևոսյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր