211652_close_icon
views-count710 դիտում article-date 13:14 27-09-2022

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և ամերիկյան պատժամիջոցներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Իր այս մտադրության մասին Սփիերն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է նախորդ շաբաթ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում՝ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում։ Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձևը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը և համերաշխություն հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։ Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն:

Մեկնաբանելով Սփիերի նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք կոնգրեսական Սփիրի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բանաձևի ներկայացումը, որը զուգընթաց է Ադրբեջանի հարձակումները դատապարտող կոնգրեսական Շիֆի ներկայացրած բանաձևին։ Դրանք երկուսն էլ Կոնգրեսի երկկուսակցական հզոր աջակցության արտահայտություններ են «907-րդ բանաձևի» կիրարկմանը և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցմանը»։

Ինչպես վերը նշվեց, Սփիերի նախաձեռնությունը հաջորդում է Ադամ Շիֆի և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարների կողմից շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ 1351 բանաձևի նախագծին։ Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին և դատապարտել ադրբեջանական հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ։ Բանաձևի նախագիծը ներկայումս ունի 44 կոնգրեսականի ստորագրություն:

Այս ողջ ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը իրականացնում է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա և նաև հանձնախմբի ինտերնետյին կայքի հնարավորություններով (www.anca.org/907) իրականացնում անհրաժեշտ լոբբիստական գործողություններ։

Նմանատիպ նյութեր