211652_close_icon
views-count24624 դիտում article-date 12:07 09-09-2022

Ավազակային հարձակում Առինջ գյուղում․ ոստիկանները տաք հետքերով՝ «Համով տնակ» հացատան մոտ հայտնաբերել են 70-ամյա կնոջից խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալին

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում մի քանի անգամ հարվածել են խանութի աշխատակցին, այնուհետև նրա մոտից հափշտակել գումար և դիմել փախուստի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 22։00-ից 22։30-ն ընկած ժամանակահատվածում Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի բնակիչ ոմն գյումրեցի Գարեգինը նշված փողոցում գործող խանութում հարձակվել է Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա աշխատակցուհու վրա, մի քանի անգամ հարվածել դեմքին և աչքին, ապա վերնաշապիկի գրպանից հափշտակել մոտ 250 հազար դրամ և դիմել փախուստի։ 

Մինչ ոստիկանները, հետո նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը բուժօգնություն է ցուցաբերել 70-ամյա կնոջը։ 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, թե որտեղ է գտնվում նշված հանցագործությունը կատարած անձը և նրան Երևան-Սևան ավտոմայրուղու Աճառյան փողոցի վրա գտնվող «Համով տնակ» հացատան մոտից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկում ոստկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Աբովյանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գարեգին Բ-ն է։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր