211652_close_icon
views-count1216 դիտում article-date 13:04 26-08-2022

Սննդի քարտեր՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի պարենային անապահով 100 ընտանիքի համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կմեկնարկեն «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։

Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2 ամիս պարբերականությամբ։ Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելու շահառուների ընտրության ճշգրտությունն ու սննդի քարտերի օգտագործման արդյունավետությունը:

Գործընկերները համատեղ կիրականացնեն պարենային անապահով ընտանիքների նախնական ընտրությունը՝ փոխադարձ համաձայնեցված չափորոշիչներով, որպեսզի շահառուների ընտանիքներում ներառված լինեն թե՛ տեղացի, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ։

Ծրագրի իրականացման համար ԱՍՀՆ և Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրվել է փորձնական ծրագրի համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի պարենային կարիքների գնահատում, սննդի քարտերի թողարկման և անխափան օգտագործման փորձարկում, ինչպես նաև արդյունքների գնահատում։ «Սննդի քարտեր» փորձնական ծրագրի արդյունքները հիմք կհանդիսանան հնարավոր նոր պետական աջակցության ներդրման համար։

Ծրագրի գործնական փուլը կմեկնարկի առաջիկայում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ հայտարարություն կտարածի, որից հետո Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները կկարողանան դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

ՊՀԾ-ն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ապահովելու սոցիալական աջակցությանը միտված քաղաքականություն, որն օգնում է լուծել պարենային անապահովության մի շարք խնդիրներ։ ԱՍՀՆ-ն և ՊՀԾ-ն և ջանքեր են գործադրում՝ ամրապնդելու սոցիալական պաշտպանության ազգային համակարգի ճկունությունն ու ակտիվությունը։

Նմանատիպ նյութեր